
Թուրքական լիրան տարեսկզբից ի վեր արժեզրկվել է 28%-ով

Վերջերս շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ հունիսի 8-ի առավոտյան հասել է 17.10 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս արդյունքը թուրքական լիրայի պատմության մեջ 2021թ. դեկտեմբերին գրանցված վերջին ռեկորդից հետո ամենաբարձր ցուցանիշն է։
Այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.7 -ի շրջանակներում:
Հունիսի 8-ի կեսօրվա դրությամբ 1 դոլարիի փոխարժեքը կազմում է 17.15 լիրա:
2022-ի տարեսկզբից մինչև այսօր լիրան արժեզրկվել է ավելի քան 28%-ով:
Հիշեցնենք, որ 2021-ի տարեվերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին, որը ստացավ դոլարի փոխարժեքով փոխհատուցվող ավանդների ծրագիր անվանումը:
Այդ ծրագիրը լիրայով ավանդներ ունեցողներին դոլարի փոխարժեքի տատանման արդյունքում կրած կորուստների փոխահատուցումից բացի, ներառում է նաև արտահանողների համար ապագայի համար կայուն փոխարժեքի տրամադրում և մի շարք այլ քայլեր: Այս ծրագրի ներդրմամբ և դրան զուգահեռ Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր եղավ այս ամիսներին փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում: