Հադրութեցի Դավիթ Ավագյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ ստորագրություն չբացակայելու պայմանով

Մայիսի 4-ին ձերբակալված, իսկ մայիսի 5-ից կալանավորված հադրութեցի Դավիթ Ավագյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ավագյանի փաստաբան Մհեր Հակոբյանը։

«Հունիսի 4-ին Դավիթ Ավագյանի կալանավորման մեկ ամիսը լրացել էր, նրա խափանման միջոց կալանավորումը փոխվել է, այժմ նա ազատության մեջ է։ Գրավ չի կիրառվել՝ եղել է ստորագրություն չբացակայելու պայմանով։ Նրա դեմ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է»,- նշեց Մհեր հակոբյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Ավագյանին ձերբակալել էին այն հիմքով, որ նա Հայաստանում չունի մշտական բնակության վայր։ Նա Հադրութից է, 44-օրյա պատերազմի մասնակից, Պատերազմի ժամանակ Հադրութը թշնամու կողմից օկուպացվելուց հետո նա երեք անչափահաս երեխաների հետ տեղափոխվել է Երևան՝ զրկվելով մշտական բնակության վայրից ։ Նրա խնամքի տակ են երեք անչափահաս որդիները:

Ավելի վաղ Մհեր Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ նրա պաշտպանյալին ձերբակալել էին մշտական բնակության վայր չունենալու հիմքով, համենայն դեպս, ձերբակալության մասին պաշտոնական գրության մեջ հենց այդպես է գրված եղել՝ մշտական բնակության վայր չունի, դրա համար են ձերբակալել, իսկ կալանավորել էին գործի քննությանը չխոչընդոտելու հիմքով։

Ըստ փաստաբանի, սակայն, մեղադրանք առաջադրելիս արդեն Դավիթ Ավագյանին վերագրվել է ենթադրյալ խուլիգանություն կատարելու հանցանքը։

Տեսանյութեր

Լրահոս