Ո՞վ է «ամենախելացի» օլիգարխը, որին հաջողվել է առանց մեծ աղմուկի 37 միլիարդ դոլար կարողությունը հեռացնել ռուսական արմատներից. Bloomberg
Bloomberg հանդեսը Լեոնիդ Բլավատնիկին անվանել է «ամենախելացի» օլիգարխը։ Հրատարակության տվյալներով՝ նրան հաջողվել է առանց «մեծ աղմուկի» հեռացնել իր ահռելի 37 միլիարդ դոլար կարողությունը ռուսական արմատներից։
Ուկրաինական ծագումով բրիտանաամերիկացին նաև մեդիա մագնատ է, տեխնոլոգիական տիտան, անշարժ գույքի ներդրող և արդյունաբերող: Բլավատնիկը միշտ ցանկացել է հասկացնել, որ ինքը որևէ կապ չունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նշում է գործակալությունը:
Այնուամենայնիվ, սըր Լեոնարդը (Մեծ Բրիտանիայում նա ասպետի կոչում է ստացել բարեգործության համար) իր հարստությունը վաստակել է այսպես կոչված «ալյումինի պատերազմներում» և սիբիրյան նավթահանքերում, հայտնում է հրատարակությունը։
Ավելին, նա միլիարդների մի մասը վաստակել է ռուս մագնատների կոնսորցիումի հետ, որոնք ներկայում տուժել են Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի պատժամիջոցներից: Բլավատնիկը նույնպես կարող էր պատժամիջոցի ենթարկվել, ինչպես որ նրա բազմաթիվ բիզնես գործընկերները՝ Միխայիլ Ֆրիդմանը, Պյոտր Ավենը, Գերման Խանը և այլք: Փոխարենը, նա կուտակել է աշխարհի 33-րդ ամենամեծ կարողությունը և հանգիստ ինտեգրվել բրիտանական և ամերիկյան բարձր հասարակությանը:
Մայիսին միլիարդատերը խախտել է իրեն բնորոշ լռությունը։ «Պարոն Բլավատնիկը և Access Industries-ը կարծում են, որ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, բացարձակապես աներևակայելի է և դատապարտում են շարունակվող բռնությունները», – ասվում է մայիսի 9-ին հրապարակված հայտարարության մեջ:
Մայիսին նա նաև նշել է, որ նրա ընտանիքի հիմնադրամը միլիոնավոր դոլարներ է նվիրաբերում բարեգործական կազմակերպություններին, որոնք օգնում են ուկրաինացի փախստականներին։
Բլավատնիկի 74 մետրանոց զբոսանավն անվանվել է իր հայրենի Օդեսա քաղաքի անունով։ Նա ունի ամերիկյան և բրիտանական քաղաքացիություն։