Ինչո՞ւ էր ոստիկանությունն այսօր աննախադեպ ագրեսիվ. 111 հոգու նկատմամբ փորձ կարվի «կարել» խուլիգանության հանցակազմ

Այսօր, ինչպես և հայտարարվել էր մայիսի 28-ի հանրահավաքի ժամանակ, ընդդիմության միասնական ուժերը սկսեցին իրենց այցերը պետական գերատեսչություններ՝ ճշտելու համար՝ արդյո՞ք բարձր պաշտոն զբաղեցնող անձինք կողմ են այն փաստաթղթին, որը հրապարակել է ընդդիմությունը:

Հիշեցնենք՝ այդ փաստաթղթում նշված են բոլոր այն կարմիր գծերը, որոնք չպետք է հատեն իշխանությունները, և դրանցից կարևորագույնն այն է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում:

Ինչպես քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Դիմադրության» շարժման համակարգողներից Իշխան Սաղաթելյանը, ընդդիմադիրները ձևակերպել են մի շատ պարզ փաստաթուղթ, որի մեխն այն է, որ Արցախը որևէ պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում, և իրենք ընդամենն ուզում էին իմանալ՝ նախարարներն այդ փաստաթղթի հետ կապված ինչ դիրքորոշում ունեին:

««Արդյունքում՝ ներքին զորքեր, կարմիրբերետավորներ, սևբերետավորներ, շենքի ներսում՝ 6-րդ վարչության ու ազգային անվտանգության հատուկջոկատայինները… Ի՞նչ էինք անում… Խի՞ եք էդքան վախեցել, արա…»,- ասաց նա:

Մինչդեռ ակնհայտ էր, որ ոստիկանությունն ու հատկապես նրա սև ու կարմիր բերետավոր հատվածը բացահայտ ագրեսիվ տրամադրվածություն ուներ այսօր: Անդադար հրահրվում էին սադրանքներ, մարդիկ էին բերման ենթարկվում, բախումների ու հրմշտոցի պակաս էլ չկար:

168.am-ը, ինչպես յուրաքանչյուր օր ակցիաների ժամանակ, այսօր ևս ոստիկանությունից փորձեց ճշտել բերման ենթարկված քաղաքացիների թիվը և ուշադրություն դարձրեց մի հետաքրքիր հանգամանքի վրա:

«Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ակցիայի 111 մասնակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։ Ոստիկանության 3 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն»,- ասացին մեզ Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նախորդ օրերին նույն հարցման ժամանակ թիվ ասելիս նշվում էր, որ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, իսկ այսօր բերման ենթարկվածներին վերագրվում է խուլիգանության հանցակազմ: Իսկ սա արդեն քրեական օրենսգիրք է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում՝ նախ և առաջ՝ խափանման միջոց կալանավորումներով:

Այսինքն՝ ոստիկանությունը 111 հոգու նկատմամբ փորձելու է «կարել» խուլիգանության հանցակազմ, իսկ այն, որ ոստիկաններն արգելում էին պատգամավորներին ազատ տեղաշարժվել, խեղդում ու խփում էին նրանց, քարշ տալիս, ինչի ապացույցները լիքն են ԶԼՄ-ների, մասնավորապես՝ նաև 168.am-ի յութուբյան ալիքում, երբ սովորական, խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները կիրառում էին սամբոյի կամ ըմբշամարտի հնարքներ ու նրանց տառացիորեն տապալում գետնին, իհարկե, աննկատ կմնա ոստիկանության ղեկավարության աչքից:

Տեսանյութեր

Լրահոս