Սարդարապատի հուշահամալիր Փաշինյանի ժամանելուց առաջ բերման ենթարկվածներից մեկը պատերազմում զոհվածի հայր էր
Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մոտ՝ Նիկոլ Փաշինյանի ժամանմանն ընդառաջ, միջադեպ էր գրանցվել՝ ոստիականները բերման էին ենթարկել 2 քաղաքացու։
168.am-ը դեպքից րոպեներ անց տեսանյութը հրապարակել էր, որտեղ բերման ենթարկվող 2 քաղաքացիներն էլ պարզ երևում են։
Նրանցից մեկը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ, Ղարաբաղյան բոլոր պատերազմների մասնակից Իգոր Սարգսյանն էր։ Նրան բերման էին ենթարկել, երբ Փաշինյանի ժամանելուց րոպեներ առաջ վանկարել էր՝ «Նիկոլ, դավաճան»։
Սարգսյանին ոստիկանության բաժանմունքում 3 ժամ պահելուց հետո ազատ էին արձակել։
168.am-ը տեղեկացավ, որ բերման ենթարկված մյուս քաղաքացին արցախյան վերջին պատերազմում զոհված Հարութ Մկրտչյանի հայրն է՝ Սեյրանը։ Նա Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղից է (Նոր Կեսարիան Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից ավտոմեքենայով ընդամենը 10 րոպեի ճանապարհ է)։
Զոհված զինծառայողի հայրը 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մայիսի 28-ին գնացել էր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու։
Հարցին՝ ի՞նչ տեղի ունեցավ հուշահամալիրում, ինչո՞ւ ձեզ բերման ենթարկեցին, զոհվածի հայրը հրաժարվեց առայժմ որևէ մեկնաբանություն տալ։