Բաժիններ՝

Հունիսի կեսերից կարտոֆիլը կէժանանա՝ դառնալով 250-300 դրամ. Հրաչ Բերբերյան

Կարտոֆիլի մեկ կիլոգրամն այս օրերին տատանվում է 500-1000 դրամի սահմաններում: Թե ինչո՞վ է պայմանավորված նման թանկ գինը, փորձեցինք պարզել Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանից:

«Ազգաբնակչությունը թյուրիմացության մեջ է. թանկ կարտոֆիլը ջերմոցի կարտոֆիլ է: Մեր հիմնական բերքը սպասվում է մոտ 10-15 օրից. Մինչև հունիսի կեսերը կարտոֆիլը կդառնա մինչև 250-300 դրամ: Տարին 10 օրով հետ է ընկել՝ անձրևների, ցուրտ եղանակի պատճառով: Երկրորդ՝ հին կարտոֆիլը քիչ է շուկայում, դա ևս ազդել է գների վրա, բայց հենց Արարատյան հարթավայրում, առաջինը՝ Մասիսում, բերքը մտավ, միանգամից գինը կիջնի՝ դառնալով մեծածախը՝ 250-300 դրամ, դրանից ավել չի իջնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նա նշեց, որ այս տարի դիզվառելիքը նախորդ տարվա համեմատ 2 անգամ թանկ է, պարարտանյութը 300 տոկոսով է թանկացել, թունաքիմիկատները՝ 50-60 տոկոսով. «Սերմացուն չի թանկացել, որոշ քանակությունով ներկրել են: Կոլոմբա տեսակի սերմեր են ներկրվել, որոնք Հայաստանում բարձր բերքատվություն ունեն, դրա հաշվին էլ կարտոֆիլը կէժանանա: Բայց հիմա էլ փորձում են արտահանումը խանգարել. Գյուղացին արտահանմամբ փող է աշխատում, իսկ դուք գյուղացուն խանգարում եք: Գյուղացուն չեն օգնում իրենց սուտ վարկերով, սուբսիդիաներով, պարարտանյութ ներկրողների թայֆայով, որոնք բոլորն իրենց մարդիկ են, եթե ուզում են գյուղացուն օգուտ տալ, թող մեկ հեկտարի հաշվարկով սուբսիդավորեն գյուղացուն, ոչ թե բաշիբոզուկներին փող տան, իսկ թե հետո այդ փողերն ինչ են լինում՝ չենք իմանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս