Մետրոյի կին աշխատակցին ղեկավարությունից հորդորել են աշխատավայրում գործել միմիայն աշխատանքային պարտականությունների շրջանակում
Այսօր ընդդիմադիրների՝ մետրոյում իրականացված անհնազանդության ակցիաների ժամանակ տհաճ միջադեպ արձանագրվեց Մետրոյի «Երիտասարդական» կայարանում: Ակցիայի մասնակիցները գնացքի վագոններից մեկի վրա փակցրեցին Արցախի դրոշը, ինչից հետո երիտասարդ մի տղա սկսեց քերել այն: Նրան ջանասիրաբար միացավ «Երիտասարդական» կայարանի մի կին աշխատակից, բայց դա ամենը չէր:
«Մի պոկեք Արցախի դրոշը, մի նմանվեք թուրքին» ակցիայի մասնակիցների կոչին ի պատասխան՝ մետրոյի աշխատակից կինը պատասխանեց՝ «Աղջիկ ջան, գնայիր կռվեիր»:
168.am-ի հետ զրույցում Երևանի Մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը նշեց՝ միջադեպի մասին զեկուցվել է տնօրենի տեղակալ, երթևեկության մասնաճյուղի պետին:
«Վերջինս, պարզելով ստեղծված իրավիճակը, աշխատակցին հորդորել է աշխատավայրում գործել միմիայն աշխատանքային պարտականությունների շրջանակներում»,- ասաց Երևանի Մետրոպոլիտենի խոսնակը: