Հերթական հաղորդումը Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պետությունը թուլացնելու և վնասարարության համար
«Վ.Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրեն Ռուդոլֆ Սուրենի Հակոբյանը դեռևս 2021թ. հունիսին 168.am-ին տված հարցազրույցում ասել էր՝ ընտրություններից հետո դիմելու է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավարությանը, որպեսզի վերջիններս պարզեն, թե Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2018 թվականին Շվեյցարիա այցելության ժամանակ, ինչքա՞ն գումար է ստացել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշից:
«Իսկ ամենակարևորն այն է, որ համաձայն օդում կախված լուրերի՝ Վարդան Սրմաքեշն Աննա Հակոբյանին նվիրել է նաև շքեղ առանձնատուն»,- ասել էր Ռուդոլֆ Հակոբյանը:
Այս հաղորդման ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկան, սակայն Ռուդոլֆ Հակոբյանը, այս անգամ արդեն՝ Արմենակ Դանիելյանի հետ միասին, նոր հաղորդում է ներկայացրել վարչապետական ընտանիքի դեմ՝ այս անգամ որպես պատասխանող հանդես կգա Նիկոլ Փաշինյանը, եթե, իհարկե, հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվի:
Բողոքի էությունը Նիկոլ Փաշինյանի կողմից պետությունը թուլացնելու և քայքայելու նպատակով ՀՀ Մշակույթի և Գյուղատնտեսության նախարարությունները վերացնելուն է վերաբերում:
«Հարգելի պարոն Դավթյան, Նիկոլ Փաշինյանը, 2018թ. գալով իշխանության, կարճ ժամանակ անց ձեռնամոխ եղավ մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունների գործունեությունների քայքայմանն ու վերացմանը»,- գրված է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված բողոքի սկզբում:
Ապա դիմումատուները նշել էին, որ նախքան նախարարության վերացումը ՀՀ Մշակույթի Նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմինն էր, որը մշակում էր ՀՀ Կառավարության քաղաքականությունը մշակույթի բնագավառում:
Նախարարության ընդհանուր նպատակը, նրանց խոսքով, միտված է եղել մշակութային ժառանգության պահպանմանը, համալրմանը, հանրահռչակմանը և ժամանակակից արվեստի զարգացմանը: Նախարարության աշխատանքներում առանցքային տեղ ու դեր է հատկացվել համագործակցությանն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ:
Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության համար հատուկ նշանակության պետական ծրագրերի դրույթներին համապատասխան՝ ՀՀ Մշակույթի նախարարությունը մշակել էր մի շարք կարևորագույն ռազմավարական ծրագրեր:
«Նիկոլ Փաշինյանը, վերացնելով Մշակույթի նախարարությունը, փոխարենը ստեղծեց ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, այսինքն՝ մշակույթի նախարարությունը վերածվեց երկրորդական ոչ կարևոր մի հաստատության: Նկատենք, որ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Վրաստանը, Իրանը, Ադրբեջանն ու Թուրքիան ունեն մշակույթի նախարարություն, որոնց այդ երկրներում ցուցաբերվում է պետական պատշաճ վերաբերմունք: Փաստորեն, ՀՀ վարչապետը միջազգային ասպարեզում իր այդ ոչ պետականամետ գործողությամբ հեղինակազրկեց և վարկաբեկեց Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է դատախազին ներկայացված հաղորդման մեջ:
Դիմումատուներ Ռուդոլֆ Հակոբյանն ու Արմենակ Դանիելյանը նաև նշել են, որ ՀՀ տնտեսությանը մեծ հարված էր Գյուղատնտեսության նախարարության օպտիմալացումը, որի արդյունքում միավորվել են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները:
«Այս ոլորտի օպտիմալացումը հանգեցնում է գյուղացու աղքատացմանը և գյուղի քայքայմանը, քանի որ զգալիորեն կրճատվել է գյուղատնտեսության սուբսիդավորումը, ինչի հետևանքով արդեն իսկ զգացվում է, որ հայրենական գյուղմթերքը իր տեղը զիջելու է արտերկրից ներկրված գյուղատնտեսական ապրանքներին»,- նկատել ենք նրանք:
Վերոգրյալ փաստերը, ըստ Ռուդոլֆ Հակոբյանի և Արմենակ Դանիելյանի, վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ուղղված են եղել պետական մարմինների գործունեության քայքայմանը, որն էլ հանգեցրել է պետության թուլացմանը:
Նրանք նշել են, որ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունների համար ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված է 304-րդ հոդվածը, որը վերաբերում է վնասարարությանը:
«Հաշվի առնելով վերոգրյալը խնդրում ենք Ձեզ`
1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը որակել որպես վնասակարություն:
2. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության»,- դատախազին ուղղված իրենց բողոքն այսպես էին եզրափակել Ռուդոլֆ Հակոբյանն ու Արմենակ Դանիելյանը: