«Հովտաշենի ՔՊ-ական գյուղապետի ծառայողական մեքենան տաքսու տակ են քշում»․ գյուղապետը հերքում է բնակիչների ասածը

Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչներից մի քանիսն ահազանգում են, որ գյուղապետարանին տրամադրված ավտոմեքենան բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ալեքսանյանը ծառայեցնում է՝ որպես տաքսի։ Գյուղացիները, որպես ապացույց, 168.am-ին նաև լուսանկար են փոխանցել։

«Արտաշատի շրջանի Հովտաշեն գյուղի ղեկավարի ծառայողական մեքենան է, տաքսու տակ քշում են։ Գյուղապտարանի դիմաց ա կանգնած, ինքն էլ ՔՊ-ից ա»,- ասաց մեր զրուցակիցը։

168.am-ը կապ հաստատեց Հովտաշենի գյուղապետ Արմեն Ալեքսանյանի հետ, նախ տեղեկացրեցինք, որ համագյուղացիները մեզ նման տեղեկություն են տրամադրել, ապա հարցրեցինք, թե արդյոք այդ տեղեկությունը ճի՞շտ է․

– Պարոն Ալեքսանյան, որպես Հովտաշեն բնակավայրի ղեկավար՝ ձեզ ծառայողական մեքենա տրամադրվե՞լ է։

– Ոչ։

– Իսկ գյուղապետարանին տրամադրված մեքենա կա՞։

– Այո։

– 570 LL 70, այս պետհամարանիշով մեքենա՞ն է։

– Այո։ Իսկ ի՞նչ հարց կա, ի՞նչ է եղել, որ…

– Մեզ փոխանցված տեղեկության համաձայն՝ 570 LL 70 պետհամարանիշով ավտոմեքենան որպես տաքսի է ծառայում գյուղում։ Խնդրում եմ մեկնաբանություն տալ։ Նշեմ նաև, որ ձեր համագյուղացիները նաև լուսանկար են մեզ տրամադրել։

– Տաքսու տակ էդ մեքենան ո՞վ է նկարել, կամ որ նկարել են, կարա՞մ իմանամ՝ ո՞վ է ձեզ փոխանցել։

– Ոչ, չեմ կարող ասել։ Իմ հարցը հետևյալն է, այդ տեղեկությունը ճի՞շտ է, թե՞ ոչ, եթե ճիշտ է, ինչո՞ւ է որպես տաքսի ծառայում։

– Եղբայր, դու բան ես ասում, ես էլ ասում եմ՝ տենց բան չկա, եթե նկար ունեք, հըլը ուղարկի՝ տենամ՝ էդ նկարը քեզ ո՞վ ա ուղարկել։

– Ես չեմ կարող իմ աղբյուրը բացահայտել, նկարը դուք կարող եք տեսնել միայն նյութը հրապարակելուց հետո։

– Հըլը մի հատ հրապարակի, նայենք, էլի, էդ նկարը…

– Այսինքն՝ դուք հերքո՞ւմ եք, որ այդ մեքենան ընդհանրապես «տաքսու տակ են վարում»։

– Այո։

– Իսկ այս պահին որտե՞ղ է այդ մեքենան, ի՞նչ նպատակով է ծառայում։

– Համայնքի նպատակների համար։ Գնում եմ Արտաշատ համայնք, այդ մեքենան վարում եմ։ Ի՞նչ, կարո՞ղ ա տաքսիով գնամ-գամ, թե՞ տրանսպորտով գնամ․․․ Ցավդ տանեմ, դու ինձ բան ես ասում, ասի ձեն չհանեմ՝ խոսի, խոսացիր։ Բան ես ասում, մի հատ կոնկրետ ասա՝ իմանամ, այ քեզի բան։

– Ես հարցը տվեցի, դրանից կոնկրետ ի՞նչ ասեմ։

– Ես էլ ասում եմ՝ չէ՛ (ձայնի տոնայնությունը բարձրացրեց,- Ն.Խ.)։

– Բայց ինչո՞ւ եք ձայնի տոնայնությունը բարձրացնում։

– Բա ասում եմ՝ տենց բան չկա՛, ասում ես՝ ասել են։ Ասողները գլուխը պատին տվել են, մի հատ տենամ՝ ո՞վ է ասել, որ տաքսի եմ քշում, թող գան ապացուցեն։

– Իրենք չեն ասում, որ կոնկրետ դուք եք տաքսի վարում, այլ ասում են, որ այդ մեքենան որպես տաքսի է ծառայում։

– Ասողը գլուխը պատին է տալիս, ցավդ տանեմ։ Ես ասում եմ՝ դու քոնն ասում ես, ասում եմ՝ հիմա ասա, թե ո՞վ է ասել։

– Ես «իմը չեմ ասում», ես հարցնում եմ։

– Դե ես էլ ասում եմ՝ թող ապացուցեն․․․ Հըլը գրի, մի հատ տենամ, էլի, գրի ու ապացուցեք, իսկ որ չհիմնավորվեց, որ քշել եմ, ի՞նչ եմ անում ես, կարա՞ս ասես, զրպարտելու համար դիմո՞ւմ եմ դատարան, հարցիս պատասխանի՛։

– Դա ձեր գործն է, ձեր իրավունքն է, դուք կորոշեք։

– Ես էլ ասում եմ՝ մի ասա՝ ձեր գործն է։ Դե մի հատ հրապարակի ու ապացուցի, եթե բանը պետք ա հրապարակես ու չապացուցես, դու ես հրապարակում, իրարից չենք նեղանում։

– Խնդրում եմ սպառնալիք չհնչեցնել, ես լրագրող եմ, որը տեղեկությունը ճշտելու համար հարց է տալիս։

– Սպառնալիք չեմ հնչեցնում, հրապարակի է վաբշե ու ապացուցելու ես՝ հրապարակեցիր։

– Ես մեկ անգամ էլ եմ հարցս տալիս․․․

– Ես հարցի չեմ պատասխանում, կգաս ստեղ՝ կխոսաս։ Արի ստեղ՝ գյուղում եմ լինելու։ Եթե լրագրող ես, արի մի հատ տես, բնակիչներից հարցում արա, ի՞նչ ես դրել հրապարակում։ Հրապարակի՛։

– Հիմա իմ վերջին հարցին կպատասխանե՞ք։ Դուք սկզբում ասացիք, որ այդ մեքնենան ձեզ չի ծառայում, բայց հետո ասում եք՝ դրանով գնում եք Արտաշատ․․․

– Ո՞նց չի ծառայում, էդ ավտոն իմ անունով է կցված, ո՞նց չի ծառայում ինձ, իմ համայնքին է ծառայում, համայնքի բնակիչներին է ծառայում, համայնքի բնակիչների շահի համար եմ գնում Արտաշատ, գալիս, համայնքի խնդիրների համար եմ գնում, ո՞նց չի ծառայում, չէ՛, ձեզ է ծառայո՛ւմ, իյա՛։

Տեսանյութեր

Լրահոս