«Բերման ենթարկված քաղաքացիների ընդհանուր թիվը 417 է»․ ոստիկանություն
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում սկսած անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել հարյուրավոր քաղաքացիների։ Բերման ենթարկվածներն այնքան շատ էին, որ Երևանի ոստիկանական բաժանմունքներում ազատ տեղ չկար այլևս և օրվա կեսին ստիպված էին արդեն քաղաքացիներին տեղաթոխել ոստիկանության մարզային բաժանմունքներ:
168.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հետ՝ պարզելու, թե այսօր քանի քաղաքացու են բերման ենթարկել, կա արդյո՞ք վերջնական թիվ։
«Այսօր բերման ենթարկված քաղաքացիները 417-ն են, սա վերջնական թիվն է»,- հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիները անհնազանդության խաղաղ ակցիաներ են իրականացրել, ճանապարհներ փակել, քաղաքացիներին կոչ արել՝ միանալ իրենց պայքարին և օր առաջ հեռացնել Նիկոլ փաշինյանին։
Տեղեկացնենք, որ այսօր 19։00-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։