Մի նշանակման պատմություն, կամ ի՞նչ էր տեղի ունեցել Շիրակի մարզի դատախազության շենքում

2021թ. նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Արշալույսի Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում:

Մինչ այդ վերջինս Շիրակի մարզի դատախազի տեղակալն էր՝ սկսած 2016թ.-ից մինչև 2021թ.: Ծնունդով լինելով Շիրակի մարզի Աշոցք համայնքից՝ Վահե Միրզոյանի ողջ աշխատանքային կենսագրությունը շաղկապված է Շիրակի մարզի դատախազության հետ: 2000թ.-ին Վահե Միրզոյանը մարզի դատախազության ստաժոր քննիչից հասել է մինչև մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Կառույցից կառույց այս տեղափոխության պատճառները հայտնի են դարձել 168.am-ին:

2021թ. հունվարի 29-ին Շիրակի մարզի դատախազ է նշանակվում ծնունդով Շիրակի մարզի Երազգավորս համայնքից 38-ամյա Գուրգեն Գրիգորյանը, ով իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2006թ.՝ նշանակվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազության քննիչ: 2020թ. սեպտեմբերից նշանակվել է մարզի դատախազի տեղակալ:

Գուրգեն Գրիգորյանը, ըստ մարզում տարածված լուրերի, Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի մտերիմ ընկերն է, և հենց նրա միջնորդությամբ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նրան նշանակել մարզի դատախազի պաշտոնում: Ինքը՝ Կարեն Գաբրիելյանը, այժմ Լոռու մարզի դատախազն է:

Գուրգեն Գրիգորյանը մարզի դատախազի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո աշխատանքից ազատում է իր տեղակալ, 48-ամյա Վահե Միրզոյանին, ով այդ պահին գտնվել է արձակուրդում:

Սկանդալը բարձրանում է այն ժամանակ, երբ Վահե Միրզոյանն արձակուրդից վերադառնալով՝ պարզում է, որ ինքն աշխատանքից ազատված է: Ըստ Գյումրիի մեր աղբյուրների՝ Վահե Միրզոյանը դատախազության շենքում, բազմաթիվ ականատեսների ներկայությամբ ապտակում է Գուրգեն Գրիգորյանին ու հեռանում: Վահե Միրզոյանը, սակայն, անգործ չի մնում, ու ինչպես արդեն նշեցինք, 2021թ. նոյեմբերի 11-ին նշանակվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում:

Այս նշանակումը երկու հանգամանքով է պայմանավորված: Նախ Արգիշտի Քյարամյանն աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում, Վահե Միրզոյանի հետ եղել են գործընկերներ, լավ է նրան ճանաչում ու լավ հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ: Բացի դրանից, մեր տեղեկություններով՝ հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է Արգիշտի Քյարամյանին խնդրել Վահե Միրզոյանին նշանակել այդ պաշտոնում, որպեսզի  կոծկվի այն խայտառակ միջադեպը, որը տեղի է ունեցել Վահե Միրզոյանի ու Գուրգեն Գրիգորյանի միջև Շիրակի մարզի դատախազության շենքում: Ըստ ամենայնի, այդ նշանակմամբ փորձ է արվել փակել Վահե Միրզոյանի բերանը, ինչը, փաստորեն, ստացվել է:

Տեսանյութեր

Լրահոս