«Դժբախտն ու դժգույնը դո՛ւ ես. Շուշին մեր սիրտն է, մեր սիրտը հանձնել են…»․ շուշեցի կինը՝ Փաշինյանին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցավ հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, տասնյակ-հազարավոր արցախցիներ կորցրեցին իրենց տներն ու ծննդավայրը։ Նրանց մի մասն այսօր բնակություն է հաստատել Հայաստանում, մյուս մասը՝ Արցախում։

Ստեփանակերտի տուն-ինտերնատում՝ տարեցների հարևանությամբ, ժամանակավորապես ապաստան են գտել Շուշիից և Հադրութից տեղահանված ընտանիքները։

Նրանցից մեկն էլ Վարդիթեր Հակոբյանն է՝ իր 5 երեխաների հետ միասին։ Շուշեցի կինը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ պատերազմի առաջին օրերին՝ հոկտեմբերի 4-ին, հայրենի Շուշիից երեխաների հետ դուրս է եկել, հույսով, որ մի քանի օրից վերադառնալու է․

«Շատ լարված իրավիճակ էր, երեխեքը վախենում էին, պադվալում էին։ Բեսպիլոտնիկները խփում էին․․․ Մեզ ասացին՝ դուրս եկեք, երեխեքը մեղք են։ Երեխեքի համար դուրս ենք եկել, գնացել Երևան, այնտեղ լավ են պահել, շատ լավ է եղել, բայց մեկ է, մեր Շուշին ուրիշ է։ Մի տարի է, որ բնակվում ենք Ստեփանակերտի տուն-ինտերնատում, բայց մեկ է՝ հույսով ենք, հույսով ենք մնում այստեղ, որ մի օր այստեղից ուղիղ Շուշի ենք գնալու, ես այդ հույսով եմ այստեղ, որ այստեղից պետք է ուղիղ հասնենք Շուշի։ Հենց իմանանք՝ Շուշին արդեն մերն է, որոշել ենք ոտքով գնանք, ես ու իմ երեխեքը։ Զրոյից նորից կսկսենք, մենակ թե Շուշին նորից մերը լինի․․․ Մեզ ասել էին՝ 3 օրով եք դուրս գալիս, բայց ո՞վ կմտածեր, որ արդեն հանձնված է, ուղղակի ձև էին տալիս․․․»։

Տիկին Վարդիթերը ցավ է ապրել, երբ լսել է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իր հայրենիքի մասին արտահայտվել՝ իբրև դժգույն և դժբախտ քաղաք․

«Այդպես այն մարդն է ասում, որն իրոք դժբախտ է, դժգույն է, ինքը երևի պատմություն չի անցել, որ Շուշին հայկական է․․․ Դժբախտն էլ ես դու, դժգույնն էլ ես դու, մեր հետևի՞ց ես ընկել։ Էլի եմ ասում, մենք հույսով ենք ապրում այստեղ, որ Շուշին մի օր մերը կլինի, ու ես ու իմ երեխաները խոսք ենք տվել, որ Ստեփանակերտից մինչև Շուշի ոտքով գնալու ենք, կգնանք կաշխատենք, ամեն ինչ նորից կստեղծենք, աշխատողն ամեն տեղ էլ աշխատում է։ Հույսով ենք, հույս ենք պահում, նման ղեկավարը կգնա, ուժեղ ղեկավար կգա, մեր Շուշին, մեր թանկ երկիրը մեզ կտան։ Շուշին մեր սիրտն է, բոլորի սիրտը պետք է լինի, որովհետև Շուշին հայկական է։ Մեր Շուշին, մեր սիրտը հանձնել ենք, մարդ առանց սիրտ չի կարող ապրել, այդքան բան կարող եմ ասել, սիրտը եթե հանում ենք, մարդն արդեն պետք է ընկնի հողի տակ։ Իր սիրտն էլ են հանել, ինքն անսիրտ մարդ է, Նիկոլն անսիրտ մարդ է, նույնն էլ՝ Աննան․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս