«Այս մահը կազմակերպչական իմաստով իշխանությունների խղճին է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ այսօր Ֆրանսիայի հրապարակում գրանցված մահվան դեպքին, նշելով, որ կազմակերպչական առումով այդ մահը իշխանությունների խղճին է:

«Այս սրիկա իշխանությունները, արդեն որերորդ օրն է, Ֆրանսիայի ամբողջ հրապարակը շրջապատել են հարյուրավոր ոստիկաններով, ԱԱԾ գործակալներով, պարեկներով, տարաբնույթ սադրիչներով, այսքան պետական ապարատ է լարել մեր դեմ, բայց գեթ մեկ շտապօգնության մեքենա այս քանի օրը չկար, և չկար նաև այսօր, երբ մեր քաղաքացուն անհապաղ անհրաժեշտ է առաջնային բուժգնություն ցուցաբերել: Սա ֆիքսել՝ որպես իշխանությունների կողմից մեր նկատմամբ, այստեղ հավաքված հազարավոր քաղաքացիների նկատմամբ հերթական անբարո, անմարդկային վերաբերմունք, որը այսօր ունեցավ նաև իր շարունակությունը:

Զարմանալի չէ, որ մարդիկ, ովքեր հղի կին են գցում մեքենայի տակ ու հետո մի քանի տասնյակ մեքենաներով, այդ թվում՝ Նիկոլի մեքենայով կողքով անցնում են և լայաղ չեն անում կանգնել՝ դրանով մահվան դատապարտելով հղի կնոջը ու իր չծնված զավակին, մարդիկ, ովքեր 5000 հայ զավակների արյուն խմեցին և կյանքերը կերան, այդ մարդիկ դժվար թե մտածեն, իհարկե, տասնյակ-հազարավոր ցուցարարների մասին և լայաղ անեին մի շտապօգնության մեքենա բերեին այստեղ կանգնեցնեին:  Այս մահը կազմակերպչական իմաստով իշխանությունների խղճին է»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ գոնե այսքանից հետո իշխանությունները պարտավոր են շտապօգնության մշտական հերթապահություն սահմանել Ֆրանսիայի հրապարակում:

Անդրադառնալով իշխանական շրջանակների կողմից տարածվող տեղեկատվությանը, թե մահացած մարդը եղել է թմրանյութերի ազդեցության տակ, նա հետևյալն ասաց. «Քիչ առաջ իմ ընկեր Կարեն Ավագյանը, որը մասնագիտությամբ դատական բժիշկ է, շատ հստակ նկարագրեց,  թե ինչ տեսակի սրիկայություն է դա, ցանկացած հանկարծամահության դեպքում տեղի է ունենում դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում տրվում են մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ արդյո՞ք տվյալ մարդը մինչև մահանալը ալկոհոլ օգտագործել է, թե՞ ոչ, թմրանյութերի ազդեցության տակ եղե՞լ է, թե՞ ոչ, մահը բռնի՞ է, թե՞ ոչ, ինչ եղանակով է, թե՞ բնական, և այլն: Հետևաբար, տոտալ անբարոյականություն է մահացած մարդուն պիտակավորել՝ մինչև դատաբժշկական փորձաքննության արդյունքները»:

Տեսանյութեր

Լրահոս