Վերագործարկվել է գործերի մակագրման ավտոմատ էլեկտրոնային համակարգը
Ս.թ. մայիսի 5-ի ժամը 14։00-ից վերագործարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։
Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համակարգը դեռևս կարիք ունի ծրագրային թարմացումների, 2021թ.-ից մինչ այժմ ձեռքով կատարված գործերի մակագրումների ամբողջական ներմուծման և Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ 16-Ն-6 որոշման պահանջներին լիարժեք համապատասխանեցման, հայտնում ենք, որ առաջիկայում համակարգում կշարունակվեն անհրաժեշտ աշխատանքները, ինչը հնարավոր է հանգեցնի որոշակի անճշտությունների, որոնք սեղմ ժամկետներում կվերականգնվեն»,- նշված է ԲԴԽ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 10 ամսից ավելի չի գործում մակագրման էլեկտրոնային համակարգը: Այն առգրավվել էր նախորդ տարվա հուլիսին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից՝ ինչ-որ քրեական գործերի հետ կապված ուսումնասիրություններ կատարելու համար:
Շուրջ 1.5 ամիս առաջ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ որևէ խնդիր չկա համակարգը վերագործարկելու համար, բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, և գնդակն այժմ ԲԴԽ-ի դաշտում է:
Պարզվեց, սակայն, որ օրեր շարունակ բանալիները Դեպարտամենտում չէին, ինչի վերաբերյալ փոխադարձ կսմիթներով հանդես եկան երկու գերատեսչությունները:
168.am-ի եթերում, սակայն, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը տեղեկացրեց, որ բանալիներն իրենք արդեն ունեն, և համապատասխան տեխնիկական աշխատանքներ իրականացնող ընկերությունը զբաղվում է համակարգը վերագործարկելու հարցով:
Այսօր արդեն համակարգը փաստորեն գործում է: Մինչ այդ բազմաթիվ փաստաբաններ դատական վարույթների հենց առաջին նիստերի ժամանակ բացարկ էին հայտնում դատավորին՝ ոչ պատշաճ կերպով ձևավորված դատարանի հիմքով: Կարծիք կար, որ գործերը ձեռքով անհամաչափ ու ոչ արդարացի են բաշխվում, իսկ քաղաքական հնչեություն ունեցող գործերի պարագայում՝ ըստ դատարանի նախագահի հայեցողության:



