ԱԱԾ-ն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Ընդդիմության բողոքի գործողությունների պատճառով, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Ազգային անվտանգության ծառայությունը՝ ԱԱԾ-ն, հանդես է եկել հայտարարությամբ, որի նպատակը, ըստ դրա հեղինակների կամ պատվիրատուի՝ պետք է լինի քաղաքացիներին վախեցնելն ու ակցիաներին մասնակցելուց զերծ պահելը։

ԱԱԾ-ն գրում է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի  հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար, ուստի զգուշացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն»:

Ենթադրաբար, Նիկոլ Փաշինյանի պատվերով գրված այս հայտարարության ողջ հմայքն այն է, որ իրականում այն գրեթե ամբողջությամբ վերաբերում է հենց Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանն ու ուղղված է հենց նրա դեմ։

Հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում  բռնության կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու հարցում Նիկոլ Փաշինյանը բացարձակ չեմպիոն է։

Նրա բոլոր այդ ելույթներն ու կոչերը փաստագրված են և ըստ ԱԱԾ-ի հայտարարության տրամաբանության, ցանկացած պահի կարող են հիմք դառնալ նրան ձերբակալելու համար։

«Ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «պողպատյա մուրճով» հայհոյախառն սպառնալիքներ․․․ սրանք Նիկոլ Փաշինյանի հռետորաբանական ռեպերտուարի ամենևին ոչ բոլոր գոհարներն են։ Նա, ինչպես մինչ իշխանության գալը, այնպես էլ ու առավել ևս՝ իշխանության գալուց հետո իր ողջ քաղաքական գործունեությունը կառուցել է ատելության, թշնամանքի քարոզի, բռնության կոչերով ամենատարբեր սպառնալիքների վրա։

Դրանք բոլորը, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, «նախադրյալ են ստեղծել ներքին անվտանգության խաթարման» համար։

Այսպիսով, եթե ԱԱԾ-ն իսկապես գործում է երկրի անվտանգության ապահովման, «ներքին սպառնալիքների» վերացման մղումով, ապա վաղուց պետք է ձերբակալած լիներ Նիկոլ Փաշինյանին։ Հակառակ դեպքում, ԱԱԾ-ի այս հայտարարությունն ընդամենը հանրությանը վախեցնելու էժանագին փորձ է։

Ընդ որում, խորհրդանշական ցինիզմով դա արվում է Նիկոլ Փաշինյանի հռչակած Քաղաքացու օրը։

Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանը համարձակություն ունեցե՞լ է այս հայտարարությունից հետո նրանից հարցնելու՝ «Էդ սպառնը՞մ ես»։

Հ․Գ․ ԱԱԾ-ի հայտարարությունն ունի բազմիմաստ ամփոփում։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին․․․»։

Հաշվի առնելով հանգամանքը, որ ԱԱԾ-ի ներկայացրած սպառնալիքներն ամենաշատը հնչում են Նիկոլ Փաշինյանի կողմից, «ԱԱԾ-ն լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին» արտահայտությունից տպավորություն է ստեղծվում, որ այդ կառույցը ձերբակալել է Նիկոլ Փաշինյանին, պարզապես դեռ չի հայտնում այդ մասին՝ Քաղաքացու օրը քաղաքացիների տրամադրությունը չգցելու համար:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս