44-օրյա պատերազմի ընթացքում Ղազախստանը, Թուրքմենստանը և Իրանն անտեսել են Բաքվի խնդրանքը, իսկ Վրաստանը՝ ոչ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում ելույթի ընթացքում անդարադարձել է 2020-ի Արցախյան պատերազմին՝ հայտարարելով, թե Հայաստանում մեծ ակնկալիքներ կային, որ Ռուսաստանը կմիջամտի պատերազմին, գրում է minval.az-ը։

«Դա տեղի չունեցավ, որովհետև մենք կռվում էինք «մեր տարածքում» (չակերտները՝ Tert.am)», – ասել է Ալիևը՝ հավելելով, որ Հայաստանը «շահարկել է» (չակերտները՝ Tert.am) Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պարտավորությունները, սակայն ՀԱՊԿ մանդատն իր տարածքում անդամ երկրներին աջակցելն է։

«Բայց միևնույն ժամանակ, բոլորս էլ գիտենք, ես բազմիցս հայտարարել եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանից օրական մի քանի անգամ կանոնավոր կերպով զենքով բեռնատար ինքնաթիռներ էին թռչում Հայաստան։ Մենք հետևում էինք Ռոստովից, Մոզդոկից բոլոր ուղղություններին։ Մեր վրացի ընկերներին խնդրեցինք փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին։ Մենք նաև խնդրեցինք մեր վրացի ընկերներին փակել այն ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար, նրանք դա արեցին, և մենք երախտապարտ ենք նրանց», – ընդգծել է Ալիևը:

Պետության ղեկավարը նշել է, որ պատերազմի ժամանակ Բաքուն նամակ է հղել մերձկասպյան բոլոր երկրներին՝ խնդրելով թույլ չտալ զենքով ռուսական բեռնատար ինքնաթիռներին Հայաստան մուտք գործել։

«Մենք այն ուղարկել ենք Ղազախստան, Թուրքմենստան և Իրան։ Ցավոք սրտի, այս ինքնաթիռները Հայաստան մուտք գործելիս օգտվել են այս երկրների տարածքներից։ Այդպես էլ եղել է, և մենք չպետք է թաքցնենք 44-օրյա պատերազմի այս կողմը։ Բայց Հայաստանի սպասելիքներն ավելի մեծ էին. նրանք կարծում էին, որ ռուսական բանակը պետք է գա, կռվի և պաշտպանի «անջատողականությունը» (չակերտները՝ Tert.am), բայց դա տեղի չունեցավ»,- ասել է Ալիևը։

 

Տեսանյութեր

Լրահոս