«Եթե քաղաքացին իրականացնում է խաղաղ ցույց օրենքին համահունչ՝ ոստիկանության ցանկացած բռնի գործողություն պետք է դիտել անօրինական». Փաստաբան
Ապրիլի 17-ից սկսած, երբ հայտարարվեց, որ մեկնարկելու են անժամկետ բողոքի ակցիաներ ՀՀ իշխանության հեռացման պահանջով, Երևանի տարբեր փողոցներում երիտասարդները սկսեցին իրազեկման ակցիաներ իրականացնել։ Դրանց ընթացքում երիտասարդները կամ «հայեր միացեք» կոչերով տարբեր փողոցներով երթ էին անցկացնում ու հանրության ուշադրությունը հրավիրում այսօր երկրի առջև ծառացած խնդիրներին, կամ էլ որպես բողոքի նշան՝ մի քանի րոպեով փակում էին փողոցները, դրանից հետո ոստիկանները, կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով՝ նրանց բերման էին ենթարկում։ Ոստիկանության այս գործելաոճը շարունակվում է ապրիլի 17-ից մինչև օրս։
«Լև գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Լևոն Բաղդասարյանն անդրադառնալով ոստիկանության գործողություններին, նախ պարզաբանեց՝ խաղաղ ցույց անելու իրավունքը արձանագրված է ինչպես սահմանադրությամբ, ներպետական օրենքներով, այնպես էլ Եվրոպական կոնվենցիայի դրույթներով։
«Ինչ վերաբերում է ոստիկանության գործառույթներին, ապա ցանկանում եմ արձանագրել, որ պետք է ուշադիր լինեն, քանի որ, եթե քաղաքացին իրականացնում է խաղաղ ցույց և այդ ցույցն իրականացնում է օրենքին համահունչ, ոստիկանության ցանկացած բռնի գործողություն պետք է դիտել անօրինական։ Այստեղ պետք է կարողանալ ճիշտ գնահատական տալ։ Այո, յուրաքանչյուր ոք ունի ազատ կարծիք արտահայտելու իրավունք, բայց այն պետք է լինի առանց ատելության քարոզի, առանց հասարակական կարգը խախտելու, նկատի չունեմ այսօրվա գործողությունները, այլ գլոբալ եմ ասում։
Պետք է և՛ ոստիկանության, և՛ ցուցարարների դրվագով հարցը բարձրացնել, եթե յուրաքանչյուրի կողմից կա գործառույթ, որով խախտում են օրենքը, երկու կողմն էլ ենթակա են պատասխանատվության»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը Սահմանադրությամբ ժողովրդավարական երկիր է, հետևաբար՝ Սահմանադրությամբ եղած բոլոր դրույթները պետք է պահպանել բողոքի ակցիաների ժամանակ։
«Եթե ոստիկանությունը տեսնում է, որ ցուցարարների գործառույթները խախտում են օրենքը, ապա ակնհայտ պետք է արձագանքի բխող բոլոր իրավական հետևանքներով։ Նույնը, եթե ոստիկանությունն իր գործառույթների մեջ թույլ է տալիս առերևույթ խախտումներ, որով խախտում է ՀՀ քաղաքացու սահմանադրորեն վերապահված իրավունքը՝ միանշանակ յուրաքանչյուր գործով պետք է տեղի ունենա քննություն։ Առհասարակ պետք է զերծ մնալ ատելության քարոզից, լինի իշխանության թե ընդդիմության կողմից՝ գիտակցելով, որ յուրաքանչյուրն իր արածի համար պետք է պատասխան տա»,- ընդհանուր դրույթներով, մեր հարցին ի պատասխան՝ ասաց Լևոն Բաղդասարյանը։