Բաժիններ՝

«Նորքի ինֆեկցիոնից» ահռելի գումարներ յուրացրած Արսեն Թորոսյանի մտերիմ գլխավոր հաշվապահի գործը մտավ դատարան

Քիչ առաջ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահը, օգտվելով այն հանգամանքից, որ նշված ընկերության տնօրեններն իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց պարտականությունները, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի կողմից նրանց տրամադրված էլեկտրոնային բանալին՝ 105 գործարքներով ընկերության հաշվեհամարից որպես առ հաշիվ գումար ելքագրել է 348.502.000 դրամ, որից որպես առ հաշիվ տրված գումարի ետ վերադարձ մուտքագրել է 242.200.000 դրամ, իսկ գումարի տարբերություն կազմող՝ առանձնապես խոշոր չափերով 106.302.000 ՀՀ դրամ գումարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կանխիկացրել և օգտագործել է իր անձնական կարիքների համար։

Հավելել էին, որ նախաքննության ընթացքում ընկերության գլխավոր հաշվապահն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ընկերության տնօրեններից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերության մյուս տնօրենը 2021թ. սեպտեմբերին հատել է ՀՀ պետական սահմանը և չի վերադարձել: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերության գլխավոր հաշվապահի և տնօրեններից մեկի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

ՔԿ-ի հաղորդագրությունն ըստ էության այս գործը դատարան ուղարկելու մասին էր: Եվ թեպետ ՔԿ-ն, բնականաբար խուսափել էր մանրամասներ հայտնելուց, 168.am-ն, այնուամենայնիվ, այս գործից որոշ դրվագներ կներկայացնի, քանի որ դրա մասին գրել էր դեռևս 2020թ. դեկտեմբերի 29-ին:

Այս գործով ֆիգուրանտը ՀՀ Առողջապահության նախարարության «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Իշխան Վահրադյանն է, ով այն ժամանակվա նախարար, ներկայումս կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի մերձավորներից է և նրա հետ փոխկապակցված հաշվապահական ընկերությունների հաշվապահությունն է վարել: Վերջինս TotoGaming օնլայն շահումով խաղային ծառայություններից է օգտվել և հսկայական գումարներ է տանուլ տվել… Նորքի ինֆեկցիոնի ֆինանսական միջոցների հաշվին:

Եվ թեպետ 2020թ. տարեվերջին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նրան բերման ենթարկելու տեղեկությունը մեզ հետ զրույցում չէր հաստատել, ավելի ուշ պարզեցինք, որ ԱԱԾ պաշտոնյայի հետ մեր զրույցի պահին Իշխան Վահրադյանն արդեն իսկ իրավապահ այդ կառույցում էր:

Ի դեպ, պարզվում է՝ Իշխան Վահրադյանը, ինչպես ասում են՝ «հին խաղացող» է․ նա «Վիվառո» կազինոյում ժամանակին, դարձյալ Ամանորին ընդառաջ, շահել է ամենամեծ ջեքփոթը՝ 433,752,458 դրամ (ավելի քան 900 հազար դոլար)՝ խաղադրույք կատարելով BetConstruct մատակարարի Fruit Cocktail սլոթում: Այդ կապակցությամբ նրա մասին տեսանյութ է պատրաստվել «Վիվառո» կազինոյի կողմից, որում նա օնլայն կազինո խաղալու կոչ է անում։

Փաստացի շուրջ 1.5 տարի տևած նախաքննությունից հետո գործը մտել է դատարան: Ենթադրաբար Իշխան Վահրադյանն ազատության մեջ է, իսկ մենք կհետևենք, թե ինչ վճիռ կկայացնի դատարանն այն անձի նկատմամբ, ով փաստացի օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի կողմից նրանց տրամադրված էլեկտրոնային բանալին՝ 105 գործարքներով ընկերության հաշվեհամարից որպես առ հաշիվ գումար ելքագրել է 348.502.000 դրամ, որից որպես առ հաշիվ տրված գումարի ետ վերադարձ մուտքագրել է 242.200.000 դրամ, իսկ գումարի տարբերություն կազմող՝ առանձնապես խոշոր չափերով 106.302.000 ՀՀ դրամ գումարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կանխիկացրել և օգտագործել է իր անձնական կարիքների համար։

Կդատվի՞ արդյոք Արսեն Թորոսյանի մտերիմը ԲԿ-ի ահռելի ֆինանսական միջոցները սեփական կարիքներին ծառայեցնելու համար, թե՞ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող հարյուրապատիկ քիչ գումարներ յուրացրածներին պատժելու գործիք է իրավական գործիքակազմը, կիմանանք առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս