Արսեն Թորոսյանի մերձավորը տանո՞ւլ է տվել «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» գումարները
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Իշխան Վահրադյանը, որը նախարար Արսեն Թորոսյանի մերձավորներից է և ժամանակին ու այժմ էլ նրա հետ փոխկապակցված հաշվապահական ընկերությունների հաշվապահությունն է վարում, TotoGaming օնլայն շահումով խաղային ծառայություններից է օգտվել և հսկայական գումարներ է տանուլ տվել։
Ըստ մեր աղբյուրների՝ նա սկզբում շահել է մի քանի հարյուր միլիոն դրամ՝ 380 մլն դրամ, այնուհետև մոտ 1,5 մլրդ դրամ տանուլ է տվել, որից մոտ 200-300 մլն դրամը «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» ֆինանսական միջոցներից է եղել։
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Իշխան Վահրադյանը ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն է բերվել։
Եվ թեպետ ԱԱԾ-ից երեկ ասացին, որ նման անուն-ազգանունով մարդ իրենց մոտ այս պահին չկա, մեր աղբյուրները, այնուամենայնիվ, պնդում են, որ «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի»՝ մոլեխաղերի հետ մեծ սեր ունեցող աշխատակիցն իրականում ԱԱԾ-ում է: Ուշագրավ է, որ նրա հեռախոսահամարը, արդեն քանի օր է՝ գտնվում է ռադիոծածկույթից դուրս:
Ի դեպ, պարզվում է՝ Իշխան Վահրադյանը, ինչպես ասում են՝ «հին խաղացող» է․ նա «Վիվարո» Կազինոյում ժամանակին, դարձյալ Ամանորին ընդառաջ, շահել է ամենամեծ ջեքփոթը՝ 433,752,459 դրամ (ավելի քան 900 հազար դոլար)՝ խաղադրույք կատարելով BetConstruct մատակարարի Fruit Cocktail սլոթում: Այդ կապակցությամբ նրա մասին տեսանյութ է պատրաստվել «Վիվարո» Կազինոյի կողմից, որում նա օնլայն կազինո խաղալու կոչ է անում։