Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած պատահարի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շտապելիս է եղել ՔՊ-ի հետ հանդիպման․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապելիս է եղել ԱԺ՝ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկով սլացող ավտոշարասյունը, որի հենց առաջին մեքենան հղի կնոջը մահացու վրաերթի էր ենթարկել, նրան ուղեկցում է դեպի ԱԺ` իր խմբակցության հետ հանդիպման:
Հիշեցնենք, որ վրաերթի հետեւանքով մահացածը 29-ամյա հղի Սոնա Մնացականյանն էր։ ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն ուշացումով է ներկայացել նիստին եւ հպանցիկ պատմել կատարվածի մասին, բայց այդ պահին դեռ տեղյակ չի եղել, որ կինն արդեն մահացել է։ Պատգամավորներից որեւէ մեկը չի հետաքրքրվել՝ կանգնե՞լ է արդյոք վարչապետի շարասյունը, փորձե՞լ են կնոջն օգնություն ցույց տալ` հիվանդանոց տեղափոխել:
Մեր հարցին ի պատասխան, ՔՊ ներկայացուցիչն ասաց` չէինք պատկերացնում, որ այլ տարբերակ է եղել` քշել-հեռացել են, առանց օգնություն ցույց տալու:
Հետո ավելացրեց․ «Գուցե արարողակա՞րգն է պահանջել, որ չկանգնեն… գուցե անվտանգության նկատառումներից ելնելո՞վ չի կանգնել»»։