Ոստիկանները հայտնաբերել են 2021 թվականին Նոր Նորքում կրակոց արձակած անձին
Ապրիլի 25-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Չարենցավանի 3-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին Երևանի Բակունցի փողոցի 51-ամյա մի բնակչի:
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 18-ի երեկոյան Բակունցի փողոցի գեղեցկության սրահում վեճ էր եղել: Կեսգիշերին մոտ վեճը շարունակվել էր հարևան բակերից մեկի զրուցարանում, որտեղ 51-ամյա տղամարդն ապօրինի ձեռք բերած զենքից կրակել էր իր հետ վեճի բռնված տղամարդու ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին գնդակ, արնանման հետքեր և այլն։ 50-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս էր պատճառվել:
Փաստով տարածքային քննչական մարմնում քրեական գործ էր հարուցվել: 51-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը՝ կալանք։
51-ամյա տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին:
Հանգամանքները պարզվում են: