Դատավորների բերանը փակ է, նրանք չեն կարող խոսել և այս բացը պետք է լրացնի Միությունը. Հրայր Թովմասյան

«Ընդհանրապես կարծում եմ, որ դատավորների միությունը երկու առաքելություն ունի, և այդ երկու ուղղությամբ էլ հստակ աշխատանքներ կատարվում են: Երբ արդարադատության նախարար էի, մի հետաքրքիր վերլուծություն կար: Դատական իշխանության հետ շփվել էին հարցվածների 30%-ը, բայց 93%-ը դժգոհ էին դատական իշխանությունից: Սա նշանակում է, որ կոմունիկացիոն խնդիր կա դատական իշխանության և հասարակության միջև: Եվ ես եղել եմ և նախարար, և պատգամավոր, և դատավոր, դատավորի բերանը մի տեսակ փակված է, դատավորը խոսում է իր որոշումներով, բայց բոլոր դժգոհներն իրենց պարտքն են համարում ամեն ինչ ասել: Իսկ դատավորը չի կարող դրանց պատասխանել, և այս բացն ըստ էության պիտի լրացնի Դատավորների միությունը»,- «Դատավորների միություն» ՀԿ-ի հիմնադրման 25-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամ Հրայր Թովմասյանը:

Նրա կարծիքով՝ 2-րդ կարևորագույն խնդիրը, որ դրված է Միության առջև, դատավորների անկախության ապահովումն է ցանկացած միջամտությունից, և այդ առումով ողջունելի են վերջին մի քանի արձագանքները, երբ Դատավորների միությունն իր իսկ դատավորի շահերն էր պաշտպանում:

«Երբեք չէի մտածել, որ դատավորներին էլ դատական իշխանությունից պաշտպանելու կարիք կլինի, բայց պարզվում է, որ կա: Դատավորի աշխատանքն աշխարհում ամենալավ աշխատանքն է, երբ դատավորն անկախ է, և միաժամանակ ամենավատ աշխատանքն է, երբ դատավորը կախյալ է: Եվ այս առումով Միությունն անելիք ունի: Եթե այս ամենն արվի, անկախ քաղաքական պրոցեսներից, անկախ դատական իշխանության ներսում կամ դատական որոշումներից, կարծում եմ՝ Միությունն իր անելիքը արած կլինի: Ողջունում եմ պարոն Ազարյանին»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ աշխարհի որևէ երկրում դատական իշխանության անկախությունը սկուտեղի վրա չի մատուցվել, դատավորներն իրենք են իրենց պայքարի միջոցով հասել դրան:

«Եվ եթե քո երկրում չկա արդարություն, դու ոչինչ էլ չես կարող ակնկալել՝ ոչ բարեկեցություն, ոչ կայունություն, ոչ անվտանգություն: Այս բոլորի առանցքն ու հիմքն անկախ դատական իշխանությունն է»,- ասաց ՍԴ դատավորը:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին ու արդեն ձևավորված հանձնաժողովին՝ Հրայր Թովմասյանն ասաց՝ նախորդ Սահմանադրության հիմքում իր երկար ժամանակահատվածի գիտական ուսումնասիրություններն են ներդրված եղել:

«Ես իմ առաջին գիտական հոդվածները գրել եմ 90-ականներին, երբ դեռ ուսանող կամ ասպիրանտ էի, և հիմնավորում էի պառլամենտական կառավարման ձևը, ուստի ինձ մեղադրել, որ ինչ-որ փուլում ես կողմ եմ եղել պառլամենտական կառավարման ձևին, և դա համարել ինչ-որ մեկի համար «կարված», այդքան էլ հիմնավոր չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ ծանոթ չէ այսօրվա հանձնաժողովի ոչ կազմին, ոչ էլ գործունեությանը, ուստի որևէ բան ասել չի կարող:

Ըստ ՍԴ դատավորի՝ Սահմանադրությունը միշտ էլ հնարավոր է փոխել, պետք է ուղղակի գնահատել դրա անհրաժեշտությունը:

«Կարելի է փոխել 2 բանի համար: Մեկը՝ ինչ-որ պրոցեսի իմիտացիա ստեղծելու, հանրությանը շեղելու նպատակով, երկրորդը, երբ օբյեկտիվորեն կա Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն: Իմ կարծիքով՝ այս պահին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Չկա որևէ խնդիր, որը բարձրացվել է, և որը ընթացիկ օրենսդրական փոփոխություններով հնարավոր չի լուծել»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Պատասխանելով Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթի ու հատկապես դրա՝ Արցախին վերաբերող հատվածի վերաբերյալ հարցին՝ ՍԴ նախկին նախագահն ասաց՝ այդ հարցերը ինչ-որ փուլում կարող են դառնալ ՍԴ քննության առարկա, ուստի այս փուլում ինքն այդ հարցերին չի պատասխանի:

«Հանրաքվեն ու Արցախի հարցով լայն քննարկումը տարբեր ինստիտուտներ են: Հանրային քննարկումը դեռևս չի նշանակում հանրաքվեի անցկացում: Ես չեմ կարող ասել՝ քննարկումների արդյունքում ինչ փաստաթուղթ է ծնվելու, բայց մոտավորապես պատկերացնելով, թե ինչ փաստաթուղթ կարող է ծնվել, և, որ այն կարող է դառնալ ՍԴ քննության առարկա, ես ձեռնպահ եմ մնում այդ հարցին պատասխանելուց: Քաղաքացի և ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նույն մարդն են: Դրանք երկու տարբեր մարդիկ չեն, որ մի դեպքում կարողանա դրանց պատասխանել, մյուս դեպքում՝ ոչ»,- եզրափակեց Հրայր Թովմասյանը:

Տեսանյութեր

Լրահոս