Աշխարհաքաղաքական ընտրության առջև կանգնեցնելն այսօր ՌԴ-ին առանձնապես չի հետաքրքրում, դա հարկավոր է Արևմուտքին. վերլուծաբան

«Հայ-ռուսական բանակցությունները բովանդակային նորություններ չէին պարունակում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Փաշինյանի ՌԴ կատարած երկօրյա պաշտոնական այցին:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստան հայ-ռուսական դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Փաշինյան-Պուտին բանակցությունների արդյունքում տարածվեց համատեղ հայտարարություն՝ կազմված 30 կետից, ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Ավելի վաղ Կրեմլն այս այցը հատուկ նշանակության իրադարձություն էր որակել ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո սա դեպի ՌԴ առաջին արտասահմանյան պաշտոնական բնույթի այցն էր, որին ռուսական կողմը տրամադրված էր հավելյալ հնչեղություն տալ՝ հաշվի առնելով ՌԴ աշխարհաքաղաքական մեկուսացումը:

Ավելի վաղ նույն առիթով Մոսկվայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի հետ հանդիպման արդյունքում ստորագրվեց ռուս-ադրբեջանական 43 կետ պարունակող դաշնակցային գործընկերության մասին հռչակագիր: Ալիևի այցին ընդառաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։

Լուկիանովն այն կարծիքին է, որ այս այցի հետաքրքրությունը դրա արդյունքում տարածված երկկողմ հայտարարության ծավալն էր, որն ամփոփում էր երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտորը՝ առանց նորությունների:

Երկրորդ հետաքրքիր նրբերանգը, նրա խոսքով, այն է, որ այս այցն Ուկրաինայի շուրջ դրամատիկ զարգացումների ֆոնին առաջին օտարերկրյա այցն էր, որի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում, քանի որ Արևմուտքն աշխատում է նաև այն երկրների ուղղությամբ, որոնք դիտարկվում են ռուսական ազդեցության գոտում, ուստի ակնկալում է տեսնել խնդիրներ Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Նա հիշեցրեց, որ Արևմուտքը, մասնավորապես՝ ԵՄ-ն, աշխատում է Հարավային Կովկասում Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ուղղությամբ՝ փորձելով կարգավորման գործընթացը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց:

«Սրանում ՌԴ-ն մեծ խնդիրներ կարծես չի տեսնում ու մի շարք ուղղություններով ՌԴ-ն ու Արևմուտքը համակարգված ընթանում են, խնդիրներ չստեղծելով միմյանց համար, թեև չի բացառվում, որ որոշակի փուլում դրանք առաջանան: Ներկայումս և Ռուսաստանը, և ԵՄ-ն ձգտում են, որպեսզի նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրագործվի, իսկ ԵՄ-ն փորձում է զբաղվել Խաղաղության համաձայնագրով, դա ՌԴ ԱԳՆ մակարդակով ողջունվել է:

ՌԴ-ն Ալիևի ու Փաշինյանի հետ հանդիպումներից հետո տարածված տեքստերով այնուամենայնիվ հաստատեց իր գերակա դիրքերը տարածաշրջանում, իհարկե՝ կան խնդիրներ նաև, որոնք կդիտարկվեն ըստ հարմարության և ժամանակի, որոնք կապված են խաղաղապահ կոնտինգենտի և մի շարք այլ հարցերի հետ:

Այս պահի դրությամբ ՌԴ-ն լիովին կենտրոնացած է ուկրաինական ուղղության վրա, և այս դեպքում եվրասիական գործընկերներին չի խառնում իր խնդիրներին Արևմուտքի հետ, հասկանալով, որ իրավիճակն այլ քաշային կատեգորիայում է, ու կարիք չկա աջակցություն ակնկալել այլ երկրներից, ՌԴ-ն ցույց է տալիս, որ դրա կարիքը չունի»,- նկատեց նա:

Վերլուծաբանի խոսքով, Հայաստանն իր հերթին՝ ակտիվացրել է շփումները Արևմուտքի հետ և կրկին օրակարգ է վերադարձել աշխարհաքաղաքական ընտրության վերաբերյալ թեման:

«Բայց կարծում եմ՝ այդ թեման և ընտրության առջև կանգնեցնելն այսօր ՌԴ-ին առանձնապես չի հետաքրքրում, դա հարկավոր է Արևմուտքին ավելի շատ, քան Ռուսաստանին: Բայց այդ ընտրության հարցն այդքան հեշտ չէ իհարկե»,- նկատեց նա:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն իր հերթին՝ աննախադեպային չորակեց Փաշինյանի այցը Մոսկվա:

Ըստ նրա, բնականաբար, փակ դռների ետևում վստահաբար շատ ուշագրավ թեմաներ են քննարկվել:

«Իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև ռազմական իրավիճակը Ղարաբաղում ու դիվանագիտական գործընթացը դրա շուրջ թույլ է տալիս ենթադրել, որ եղել են անդրադարձներ այս թեմաներին, սակայն հրապարակային տեղեկատվությունը ոչինչ չասող էր:

Ակնհայտ է, սակայն, որ ՌԴ-ն սպասում է սահմանազատման գործընթացի մեկնարկին, այդ հարցով ակտիվություն է ցուցաբերում նաև ԵՄ-ն, սակայն ՌԴ-ն պնդում է, որ հանձնաժողով ձևավորվի իր խորհրդատվական մասնակցությամբ: Թեև ընդհանուր առմամբ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ի մասնակցությանը բանակցային գործընթացին, որը ՌԴ-ն կարևորում է նաև ուկրաինական պատերազմի ֆոնին»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում կարևոր տարածաշրջան է դարձել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար, ուստի տարածաշրջանի երկրների դիրքորոշումից ու արտաքին քաղաքականից շատ բան է կախված:

«Եվ ստացվում է այնպես, որ աշխարհաքաղաքական կենտրոններն այսպես թե այնպես կախվածություն են սկսում ձեռք բերել կարևոր ռեգիոնների երկրների քաղաքականությունից»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս