«Ազատության հրապարակում գտնվողները ճիշտ ուղու վրա են, տարանջատումները պետք է մի կողմ դնենք ու միավորվենք, ինչպես միավորվեցինք 1988 թվականին». Շուշիի քաղաքապետ
Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով, եթե Ազատության հրապարակում իր կարիքը լինի, ապա Արցախից կգա և կմիանա այստեղ գտնվողներին։
«Ես համոզված եմ, որ Ազատության հրապարակում գտնվողները ճիշտ ուղու վրա են։ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած երկու երիտասարդ կա, բայց ամբողջ ազգը պետք է ոտքի կանգնի։ Այն զոմբիացած մասսան, որը մտածում է, որ, եթե Արցախում ադրբեջանցի է ապրել, ուրեմն՝ ադրբեջանական է, այդ մտքերը պետք է ինքն իր միջից մաքրի ու գնա Ազատության հրապարակ։ Նրանք պետք է գիտակցեն, որ առանց Արցախի Հայաստան չկա և՝ հակառակը։ Մարդիկ պետք է մտածեն, որ եթե այսօր արցախցին է իր բնակավայրից տեղահանվել, վաղը-մյուս օրն իրենք են տեղահանվելու, որովհետև Ադրբեջանի նախագահը հայտարարարում է, թե Երևանն ադրբեջանական է, Սյունիքը և Սևանը՝ նմանապես։
Ես մի անգամ էլ եմ ասել, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին 50 տարով Ադրբեջանից հին է։ Ալիևը տարբեր երկրներից մարդիկ է բերում, թե տեսեք՝ Ակնան հայերն ինչ են արել, իրենք նման քարոզներ են անում։ Իսկ մենք պետք է համախմբվենք, տարանջատումները մի կողմն դնենք ու միավորվենք, ինչպես միավորվեցինք 1988 թվականին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ խորհրդարանում իշխանական պատգամավորների կողմից հնչում են արտահայտություններ, թե Արցախն ո՞ւմ է պետք, ինչն ուղղակի ամոթալի է։
«Սա մեր ազգին ոտնատակ տալ է, եթե իրենք իրենց պաշտոնները կորցնելու համար վախենում են, չե՞ն վախենում երկիրը կորցնելու համար։ Նրանք պետք է մտածեն սերունդների համար, որոնք պետք է ապրեն Հայաստանում, Արցախում։ Եթե մտածում են՝ այս մեկը տանք թշնամուն, որ այն մեկը փրկենք, սուտ է՝ նրանց ախորժակը մեծ է, որքան տաս, այնքան կուզեն։ Եթե այսօր Արցախը կուլ տվեց, վաղն անցնելու է Սյունիքին, հետո՝ Երևանին։
Պատերազմը 44-օր է տևել, սա նշանակում է, որ մենք կռվել ենք, պայքարել ենք, հակառակ նրան, թե ինչ էին որոշում վերևներում։ Թշնամին 90-ականներից հետևներիցս վազում-վազում էր ու չէր հասնում, հիմա եկել իրենց լակոտներին համոզում են, թե Երևանն ադրբեջանական է»,- հավելեց Արծվիկ Սարգսյանը։
Նա համոզված է, որ եթե Ազատության հրապարակում հավաքվածները մինչև վերջ գնան, ապա անպայման հաղթանակ են տանելու։
«Կես ճանապարհից հետ չպետք է դառնան, պետք է շատանան, ոտքի կանգնեն ու հասնեն իրենց նպատակին։ Թե չէ այսպես օրը մի գյուղ, մի տարածք տալով՝ թշնամին գալու է հասնի Երևան, ու վաղը-մյուս օրը Հայաստանն էլ չի լինի»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։