Ինչո՞ւ չի ներդրվում միասնական տոմսային համակարգը, կամ 68 միլիոն դրամ՝ ժամանակավոր լուծման համար
Երևանի քաղաքապետարանի կողմից պարբերաբար ավտոբուսների նոր խմբաքանակի ներդնումը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի մեջ, իհարկե, որոշակիորեն թեթևացնում է տրանսպորտային աղետալի վիճակը Երևանում:
Այդ ավտոբուսների մեջ տեղադրված 100 դրամանոց մետաղադրամների վճարային տերմինալների նորամուծությունը, սակայն, էական դժվարություններ էր ստեղծել մայրաքաղաքի բնակիչների համար, ովքեր շարունակ բարձրաձայնում էին այն մասին, որ խնդիր է ստեղծվում նոր ավտոբուսներից օգտվելիս. 100 դրամանոց մետաղադրամների պակաս կա, վարորդները թույլ չեն տալիս բարձրանալ տրանսպորտ, եթե չունես կոնկրետ 100 դրամանոց մետաղադրամ, իսկ մարդիկ էլ չեն կարող բաց թողնել քիչ թե շատ տանելի պայմաններում երթևեկելու հնարավորությունը:
Ապրիլի 10-ին Երևանի Քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, որ հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` երկուշաբթի օրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, խնդիրը որոշակիորեն լուծելու համար այլընտրանքային այս մոտեցումը կկիրառվի` մինչև միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը:
Իհարկե, սա խնդրի ժամանակավոր լուծում է, և բոլորը հասկանում են, որ ամեն դեպքում լուծումը միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումն է, ինչի մասին խոսում են վաղուց:
168.am-ը թեմայի առնչությամբ գրավոր հարցում է ուղարկել Քաղաքապետարան՝ փորձելով պարզել՝ արդյո՞ք ՀՀ տրանսպորտային համակարգն այժմ մասնակիորեն անցել է միասնական տոմսային համակարգի, ե՞րբ է Քաղաքապետարանն անցնելու ուղևորավճարների ամբողջական տոմսային համակարգին, կա՞ արդյոք հաղթող կազմակերպություն, և եթե կա, ինչո՞ւ է ձգձգվում ամբողջական տոմսային համակարգին անցումը: Որքա՞ն գումար է արժեցել ավտոբուսներում 100 դրամանոց մետաղադրամների վճարային տերմինալների տեղադրումը: Այս լուծմանն անցնելուց առաջ արդյո՞ք ՀՀ Կենտրոնական բանկին հարցում արվել է՝ ճշտելու 100 դրամանոց մետաղադրամների քանակը և ուղևորավճարների տերմինալային ժամանակավոր լուծմանն անցնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով մետաղադրամների սուր դեֆիցիտը:
Երևանի քաղաքապետարանում, սակայն, որոշել էին մեր հարցերին բովանդակային պատասխանելուց զատ, նաև գնահատական տալ մեր հարցերին, ինչպես նաև սարկաստիկ խորհուրդներ մեր անելիքների վերաբերյալ: Թերևս, Քաղաքապետարանում լավ չեն պատկերացնում մեր և իրենց գործառույթների տարբերությունը:
Ինչևէ, նախ մեզ տեղեկացրել էին, որ ՀՀ տրանսպորտային ցանցի՝ միասնական համակարգի անցում կատարելու մասով տեղեկատվություն տնօրինողը ՀՀ պետական համակարգի այլ գերատեսչություն է, սակայն զլացել էին նշել, թե հատկապես ո՛ր գերատեսչությունն է դա:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 100 դրամանոց մետաղադրամների վճարային սարքերին, ապա, ըստ Քաղաքապետարանի, գործընթացն իրականացվել է «Գնումների մասին ՀՀ օրենք»-ի դրույթների համաձայն՝ մրցութային կարգով՝ 67 մլն.800 հազար դրամով:
«Հարկ ենք համարում նշել, որ 100 դրամանոց մետաղադրամների «Սուր դեֆիցիտ» ասվածը, մեր կարծիքով՝ սուբյեկտիվ որակում է, որը Երևանի քաղաքապետարանը չի կիսում: Կա 100 դրամանոցների մեծ պահանջարկ: Այն նվազագույնի հասցնելու համար վարորդների մոտ արդեն առկա է որոշակի քանակի 100 դրամանոց մետաղադրամ՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին տրամադրելու համար: Բոլոր դեպքերում՝ 100 դրամանոցների՝ ձեր կարծիքով սուր դեֆիցիտի հետ կապված ՀՀ ԿԲ հարցում ուղարկելու իրավունքը թողնում ենք ձեզ»,- նշել էին Երևանի քաղաքապետարանից՝ մոռանալով կամ չպատկերացնելով, որ եթե անգամ չկա սուր դեֆիցիտ, այլ ինչպես իրենք են նշում, մեծ պահանջարկ, դա արդեն նշանակում է, որ ինչ-որ բան այդ իմաստով լավ չեն հաշվարկել, և ԿԲ հարցմամբ դիմելու գործառույթը ոչ թե լրատվամիջոցինն է, այլ իրենցը, և այն էլ ոչ թե՝ երբ նկատվել է այդ մեծ պահանջարկի խնդիրը, այլ այն ժամանակ, երբ պատրաստվում էին ներդնել նշված տերմինալները:
Հիշեցրել էին նաև, որ միասնական տոմսային համակարգին անցում կատարելուց հետո մետաղադրամ ընդունող սարքավորումները դուրս են գալու գործածությունից: «Այդ պարագայում, կարճ ժամանակամիջոցի համար նաև 50, 200, 500 դրամանոց մետաղադրամ ընդունող սարքավորումներ ձեռք բերելը համայնքային բյուջեից շատ ավելի մեծ միջոցներ կպահանջեր: Ներկայիս ընտրված տարբերակը՝ միասնական տոմսային համակարգին անցնելուց առաջ եղածներից ամենառացիոնալն ու քիչ ծախսատարն է»,- ասված է 168.am-ին ուղարկված պատասխանի մեջ:
Հավելել էին, որ Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսում է ներդնել միասնական տոմսային համակարգ, ինչի նպատակով, համադրելով առկա վիճակը, պլանային զարգացումները, միջազգային փորձի ուսումնասիրությունը և աշխարհում առկա այս ոլորտի տեխնոլոգիական նորամուծությունները՝ մշակել է տոմսային համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանք։
«Միաժամանակ, համագործակցելով այս ոլորտի հնարավոր գործընկերների և ներդրողների հետ՝ մշակել է բիզնես մոդելը, ինչով պայմանավորված՝ վերոնշյալ համակարգի ներդրման համար համայնքային բյուջեից միջոցներ չեն ծախսվելու, այլ դրանք նախատեսվում է իրականացնել տոմսային հասույթի հավաքագրման և պահպանման ֆինանսական օպերատորի ներդրումներով։ Համաձայն պլանի՝ նախատեսվում է դրա ընտրությունից հետո իրականացնել պիլոտային ներդրում որևէ երթուղում, որի բարեհաջող արդյունքների պարագայում կիրականացվի համակարգի ամբողջական ներդրումը։ Համակարգի ամբողջական ներդրման համար նախատեսված է 1 տարի, սակայն դրա մեկնարկը կախված է պիլոտային փորձարկումից և դրա արդյունքներից»,- եզրափակել էին Քաղաքապետարանից:
Իրողությունը, սակայն, էապես տարբերվում է այն ամենից, ինչ քաղաքապետարանը փորձում է ներկայացնել:
Մասնավորապես, պարզվում է, որ դեռևս 2021թ. նոյեմբերի 23-ին Երևանի քաղաքապետարանը հայտարերել էր հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց մրցույթ: Ավելին, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, նշվել էր, որ փաթեթներն ընդունվում են ոչ ուշ, քան մրցույթի հրապարակային ծանուցումից 10 աշխատանքային օր հետո, այսինքն՝ 2021թ. դեկտեմբերի 7-ը ներառյալ:
Ի հակադրումն այս հրատապության՝ արդեն 2022թ. ապրիլն է, սակայն զարմանալի է, թե ինչպե՞ս է ստացվել, որ քաղաքապետարանը մինչ օրս չի հայտարարել, թե ով է հաղթող ճանաչվել մրցույթում, կամ ընդհանրապես մրցույթ կայացե՞լ է, թե՞ ոչ: Անհասկանալի մութ մի գործընթաց է, որից տուժում են շարքային քաղաքացիները, իսկ քաղաքապետարանը խնդիրը փորձում է լուծել «գեղական» կարգով՝ 100 դրամանոց մետաղադրամների օգնությամբ:
Իհարկե, կարող են տարբեր վարկածներ լինել, թե ինչու սայլը տեղից չի շարժվում: Չի բացառվում, որ հաղթող կազմակերպություն չկա, և քաղաքապետարանն այնպիսի պահանջներ է դրել, որ ոչ մի կազմակերպություն չկարողանա հաղթել՝ դրանով իսկ թոզ փչելով հանրության աչքերին, իբր թե գործ է արվում:
Չի բացառվում նաև, որ կա հաղթող կազմակերպություն, սակայն այն ամենատարբեր պատճառներով քաղաքապետարանի սրտով չէ, և քաղաքապետարանը փորձում է ձգձգել գործընթացը մեկ այլ տարբերակով լուծում տալու նպատակով:
Չի բացառվում, որ կա քաղաքապետարանի «սրտի կազմակերպություն», որը պետք է հաղթող ճանաչվի, բայց ինչ–ինչ պատճառներով դեռևս չի ճանաչվել:
Ինչևէ, ոչ կոմպետենտ կամ կողմնակալ մոտեցման արդյունքում կրկին դժվարությունների են բախվելու տասնյակ-հազարավոր երևանցիներ և նրանց սպասարկող հարյուրավոր վարորդներ:
Այս իրավիճակն իրականում բնորոշ է ոչ միայն քաղաքապետարանին, այլ ամբողջ պետական համակարգին: