Անսկզբունքայնությունն էլ չափ ու սահման պետք է ունենա. Ավետիս Ավագյան

Այսօր Վիգեն Խաչատրյանն Ազգային Ժողովում բարբաջանքներ է հնչեցրել` իր անհամաձայնությունը հայտնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։ Այդ առիթով ուզում ենք հիշեցնել հետեւյալ փաստերը.

1. Ազգային Ժողովի 1995 թվականի ընտրություններում Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը՝ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ, մաս է կազմել Լ. Տեր-Պետրոսյանին սատարող «Հանրապետություն» դաշինքին։ Ո՛չ այդ ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո նա որեւէ առարկություն չի արտահայտել Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։

2. Ընտրություններից հետո «Հանրապետություն» խմբակցության առաջադրմամբ նա զբաղեցրել է, նախ՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի փոխնախագահի, ապա` նախագահի պաշտոնը, եւ այդ ընթացքում եւս չի փոխել իր վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության առնչությամբ։

3. 1996 թվականի նախագահական ընտրություններում նրա ղեկավարած կուսակցության համագումարը ՀՀ Նախագահի թեկնածու է առաջադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչը նշանակում է, որ այդ ժամանակ նույնպես անհամաձայնություն չի ունեցել վերջինիս ղարաբաղյան քաղաքականության հետ։

4. 1997 թվականին Վիգեն Խաչատրյանը բացարձակապես չի արձագանքել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծրագրային հոդվածին, ինչը եւս, համաձայնությունից բացի, այլ բան չի կարող նշանակել։

5. 1998 թ. փետրվարին` Առաջին նախագահի հրաժարականից հետո, ի նշան Տեր-Պետրոսյանի նկատմամբ համերաշխության` հրաժարվել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Այս ամենը ցույց է տալիս, որ Վիգեն Խաչատրյանի այսօրվա հայտարարությունները ոչ մի կապ չունեն սկզբունքների ու անցյալի իր համոզումների հետ եւ բացատրվում են զուտ այս պահի կոնյունկտուրային նկատառումներով։

Վերջում ավելորդ չենք համարում վերահրատարակել Վիգեն Խաչատրյանի հոդվածը՝ Հայաստանի Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցության կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։

* * *

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն իր համագումարում թեկ­նածու առաջադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, ելնելով մի քանի կարեւոր հանգամանքներից։ Նախ ամենակարեւորը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ­պես պետության ղեկավար, իր անմիջական գործունեությամբ իրակա­նացնում է մեր կուսակցության դավանանքին հարազատ սկզբունքներ. այն է՝ ազատականություն եւ ժողովրդավարություն։ Այդ սկզբունքները տարածվում են ե՛ւ տնտեսության զարգացման, ե՛ւ պետական համա­կարգի ձեւավորման, ե՛ւ ժողովրդավարական համակարգի արմատա­վոր­ման վրա։ Այսինքն՝ գաղափարապես նա մեզ հարազատ քաղաքա­կան գործիչ է։ Երկրորդը. որը նույնքան կարեւոր է՝ անցումային եւ բարեփո­խումների այս շրջանում, հատկապես երբ վերջինս ավարտված չէ, ցան­կալի չէ պետության ղեկավարի փոփոխությունը։ Դեռեւս շատ խնդիր­ներ կան, եւ կարելի է ասել, որ կես ճանապարհին ենք։ Ժամանակ է պետք դրանք վերջնականորեն լուծելու համար։

Այստեղ ինքնանպատակ չէ՝ տեսնել նույն մարդուն պետության ղեկին։ Բայց եթե նախորդ շրջա­նում նա իրեն լավագույն ձեւով է դրսեւորել, ապա բնական է, որ փո­փոխությունն անցանկալի է։ Մենք գտնում ենք, որ որպես պետության ղե­կավար, Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն հիմնականում արդարացրեց։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը որոշակի ճանաչում ստացավ։ Իրականաց­վեց շատ հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Ճիշտ է, հան­րապետության ներքին կյանքում կան բազմաթիվ թերություններ, տնտե­սական ցածր մակարդակ, ժողովրդի շրջանում դժգոհություններ կենսա­մակարդակից, բայց մենք տեսանք, որ այս հարցերում եւս պետության ղեկավարը դրսեւորեց խոհեմություն, թույլ չտվեց ցնցումներ։

Շատ կա­րեւոր հանգամանք եմ համարում նաեւ այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի առավել մեծ թե՛ քաղաքական, եւ թե՛ սոցիալական հենարան, հա­մեմատած մյուս թեկնածուների հետ եւ բոլորի շահերից բխող փոխզի­ջումային քաղաքականություն վարելով հանդերձ նա նաեւ ինքնուրույն գործիչ է, ինչը առավելապես դրսեւորվում է վճռական պահերին։ Ընդ­հանրացնեմ՝ որքան շատ են հաջողությունները, գրեթե նույնքան են նաեւ չլուծված խնդիրները, թերությունները, անելիքները։ Այդ առումով մենք կարծում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ամենահարմար թեկնածուն է, որովհետեւ մենք նրան ավելի շատ նախընտրում ենք ոչ թե կատարած աշխատանքի համար, այլ այն անելիքների համար, որոնք ակնկալվում են նրանից («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 06.09.1996թ., վերահրատարակված «Գիտնականը եւ Նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ» գրքում, Անտարես-Երեւան, 2019, էջ 331-332):

Տեսանյութեր

Լրահոս