Կապավորն ու չարչին(երը)

Չարչին մասնագիտություն չէ, այլ հոգեբանություն։ Մանրավաճառը, պարտադիր չէ, որ լինի մանրամարդ, բայց հակառակը տեղին է միշտ՝ մանրամարդիկ մանրավաճառ են, եթե անգամ անպատկերացնելի հարուստ են։ Բայց քանի որ հարստությունը չի բավարարում ընչաքաղցությունը, նրանց համար մանրավաճառությունը դառնում է կենսակերպ։ Ընդ որում, չարչիները, որպես կանոն, վաճառում են ոչ թե սեփական, այլ ուրիշների ունեցվածքը՝ միջնորդավճարի դիմաց, բնականաբար։
Հայաստանում իշխանության են եկել չարչիները, որոնց մի մասն աղքատ է (էր), մյուս մասը՝ անասելի հարուստ, բայց հոգեբանությամբ նրանք ընչաքաղց են ու պետությանը վերաբերվում են այնպես, ինչպես մանրավաճառը՝ վաճառվող առարկաներին։

Եվ ինչպես բնորոշ է հոգով չարչիներին, նրանք զբաղված են ոչ թե սեփական, այլ այլոց, հասարակության ունեցվածքի վաճառքով, նաև այն պատճառով, որ իրենք չունեն հիմա պահանջարկ վայելող ինչքը։ Հիմա վաճառքի է հանված Հայաստանի արժանապատվությունը, որից անհատական ու հավաքական մակարդակում զուրկ են պետության այսօրվա կառավարիչներն ու կոճակասեղմիչները։

Մեծապատիվ այս չարչիների վաճառացուցակը բավական հարուստ է, արժանապատվությունից բացի, դրանում ընդգրկված են նաև Արցախը, Հայաստանի տարածքները, բանակը, սեփական ինքնություն ունենալու հեռանկարը։ Ու քանի որ ամենայնի տարածաշրջանային գնորդների պակաս չկա, չարչիների համար հիմա լավ ժամանակներ են, հատկապես, որ գնորդները կարող են վճարել կանխիկով ու շատ։

Կարդացեք նաև

Զանազան իշխանական սենյակներում ու դահլիճներում բազմած չարչիների գործը, սակայն, այնքան հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Վաճառքի հանվածն արժեքավոր է ու շատ, դրա համար անհատական ջիղը կարող է չբավարարել։ Ուստի չարչիներին օգնում է գլխավոր չարչին, որը միևնույն ժամանակ կապավոր է ու առևտրի հարցում վարժ՝ դեռ երիտասարդ տարիքից։ Նա, երևի, նաև գործարքի գլխավոր փայատերն է, եթե, իհարկե, ավելի հաստափորձ չարչիները թույլ տան, որ բանը հասնի սեփական փային։ Հիմա նրանց համար կարևորը կապավորի կառավարելիությունն է ու գործարքին խանգարողներին շարքից հանելը, դրա համար արդեն առանց ավելորդ ձևականությունների են հարձակվում դրոշը պաշտպանողների ու արժանապատվության մասին անգամ խոսողների վրա։

Հայաստանում դեռևս կան մարդիկ, ովքեր բարձրաձայնում են արժանապատվության մասին, այն դեպքում, երբ դա չարչիների գործարքի ամենայուղոտ կտորն է։
Հայաստանի այսօրվա ողբերգականության պատճառներից մեկն այն է, որ ի տարբերություն Թումանյանի բալլադի, ոչ թե թագավորներն են չարչիների դերում հանդես գալիս, այլ չարչիներն են հագել թագավորական պատմուճաններ։

Բայց քանի որ պատմուճանով թագավոր չեն դառնում, չարչին, անկախ ամեն ինչից, անդավաճան է իր հակակոչմանը և պետության արժանապատվությունն ու լինելիությունն է դարձրել մանրավաճառության առարկա։

Չարչու կերպարանքով շահի դեմքը, ի վերջո, բացահայտվում է։ Մի օր Հայաստանում բացահայտվելու է նաև թագավորի կերպարանքով չարչիների դեմքը։ Բայց դա կարող է լինել ոչ միայն ուշ, այլ նաև ուշից ավելի ուշ։

Գնորդները շատ են, իսկ չարչիները՝ շտապող ու արագագործ։

Տեսանյութեր

Լրահոս