Եթե հայ-թուրքական գործընթացն արագ արդյունքներ չունենա, շատ մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացը կլճանա. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին ի պատասխան՝ անդրադարձավ հայ-թուրքական օրակարգին:
«Ներկայացուցիչների հանդիպումներից հետո մամուլի հաղորդագրություններում հստակ նշվում է, որ այս գործընթացը և մեր դիրքորոշումն է նաև, որ պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, սակայն երբեմն Թուրքիայի բարձրագույն իշխանության կողմից արվող հայտարարություններն ընկալում են ստեղծում, որ Թուրքիան առերևույթ շարունակում է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններով և ԼՂ հիմնախնդրով. Ո՞րն է ձեր գնահատականն այս գործընթացի արդյունավետության վերաբերյալ»,- մասնավորապես հետաքրքրվեց Սարգիս Խանդանյանը:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց գործընթացն առանց նախապայմանների իրականացնելու դիրքորոշումը:
«Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա. Այո, հատուկ ներակայացուցիչները պայմանավորվել են, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, և մենք այդպես էլ ընկալում ենք, և մենք պրոցեսը շարունակում ենք այդ տրամաբանությամբ:
Մենք նաև, իհարկե, մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում ասում ենք, որ տպավորություն ունենք, որ գործընթացը կարող է և արագ արդյունքներ չունենալ, բայց եթե գործընթացն արագ արդյունքներ չունենա, շատ մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացը կլճանա, և մենք մեր կողմից պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, և մենք կարողանանք փոքր քայլերով առաջ շարժվել: Մնացած հանգամանքների մասին արդեն ելույթում նշեցի: Նկատի ունեմ՝ մենք հասկանում ենք բոլոր խութերը, բոլոր ռիսկերը, և միևնույն ժամանակ, այդ տրամաբանությամբ, կարծում ենք՝ խոսակցությունը պետք է շարունակվի և խոսակցությունն իրոք պետք է շարունակվի և խոսակցությունը դառնա երկխոսություն»,- մանրամասնեց նա:
Պատգամավորի հարցադրմանը, թե արդյոք միջազգային գործընկերների կողմից գործընթացի նկատմամբ դիմադրություն կա՞՝ Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխան տվեց՝ տեղեկացնելով գործընթացին միջազգային գործընկերների կողմից լիարժեք աջակցության մասին: