«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանը՝ խաղաղության. կպարտվի երկրորդը». Սերգեյ Մելքոնյան
Պատմական գիտությունների թեկնածու, «Հայկական նախագծի» անդամ Սերգեյ Մելքոնյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանը՝ խաղաղության. կպարտվի երկրորդը»,- գրել է քաղաքագետը՝ կցելով երկու սքրին շոթեր:
Այս սքրին շոթերում, ըստ Սերգեյ Մելքոնյանի, երկու կարևոր իրադարձություններ են, որոնք երեկ են տեղի ունեցել:
1. Իսրայելից Ադրբեջան է ժամանել զինամթերքով բեռնված նոր ինքնաթիռ: Ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության Ил-76 ռազմական ինքնաթիռը իսրայելյան Ուվդա բազայից վայրէջք է կատարել Բաքու: Պատերազմից հետո սա ամենաքիչը 5-րդ դեպքն է, երբ Իսրայելից Ադրբեջան ռազմական բեռ է գալիս:
2. Իսլամական հեղափոխության պահապանների՝ իրանյան կորպուսի հայտարարությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կդիմադրի բոլոր այն պլաններին, որոնք ուղղված կլինեն միջազգային սահմանների փոփոխությանը»,- ասվում է նշյալ հայտարարության մեջ՝ մատնանշելով, որ դա Իրանի համար կարմիր գիծ է:
Այս հայտարարությունները երկու կարևոր թրենդների մաս են՝
1. Ադրբեջանի ռազմականացում:
2. Կարմիր գծերը հատել թույլ չտալու՝ Իրանի նախապատրաստությունը:
«Չի բացառվում, որ նման մրցակցությունը կհանգեցնի նոր համատեղ պայմանագրի՝ կրկին ի հաշիվ այլ խաղացողների և, առաջին հերթին՝ Հայաստանի շահերի, քանի որ Երևանը դուրս է բոլոր գործընթացներից: Նա զբաղված է ֆեյքային աշխարհի նվաճումներով, որը չի ուզում ապահովել ուժով»,- գրում է Սերգեյ Մելքոնյանը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը