Վահագն Խաչատուրյանը կայցելի՞ Արցախ. մանրամասնում են նախագահականից

Հայաստանի 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 10-ին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր Արցախում ադրբեջանական սադրանքներին և  դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունը խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին, սակայն Ադրբեջանը կրակում է  խաղաղ բնակչության վրա, ասել էր. «Հա, հետո՞ ինչ․ ոչինչ-ոչինչ։ Դուք ինձ ներքաշում եք երկխոսության ու գնահատականների մեջ, ես չեմ ուզում, այս պահին չեմ ուզում։ Որևէ մեկը, այդ թվում՝ Ադրբեջանն իր այսօրվա պահվածքով մեզ չպետք է շեղի այդ ճանապարհից։ Մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում․․․ Մենք պետք է պաշտպանվենք ու պաշտպանելով՝ ասենք, որ մեզ հետ պետք չէ այդպես խոսել․․․»։

Վահագն Խաչատուրյանի այս հայտարարությունը լուրջ քննադատությունների արժանացավ։ Դրան արձագանքել էր նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով մասնավորապես ասել էր․ «Ինչպե՞ս կարող է երկրի անվտանգության երաշխավորի իր սահմանադրական պարտականությունները կատարել Հանրապետության այնպիսի Նախագահը, որ գյուղերի վրա կրակող ադրբեջանական հանցավոր ոտնձգություններին ի պատասխան՝ հայտարարում է, թե՝ «Հետո՞ ինչ, որ կրակում են»»:

Այս համատեքստում շատերը կարծիքներ են հնչեցնում, որ Վահագն Խաչատուրյանը պաշտոնը ստանձնելուց հետո առաջինը պետք է այցելեր Արցախ, հասկանար, թե թշնամու կրակոցների տակ ինչպես է ապրում արցախահայությունը։

168.amն օրերս այս և մի քանի այլ հարցերի վերաբերյալ հարցում էր ուղարկել Վահագն Խաչատուրյանին։

Մասնավորապես հետաքրքրվել էինք.

1. Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, առաջիկայում նախատեսո՞ւմ է արդյոք գնալ Արցախ և տեղում ծանոթանալ իրավիճակին։

2. Արցախում, այդ թվում՝ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրների վերաբերյալ ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ թշնամու սադրանքների մասին միջազգային հանրությունում ներկայացնելու համար։

3. Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադառնալով մարտի 10-ի Կառավարությունում արած հայտարարությանը՝ մտահոգություն է հայտնել. «Ինչպե՞ս կարող է երկրի անվտանգության երաշխավորն իր սահմանադրական պարտականությունները կատարել, երբ խոսում է Սյունիքում ադրբեջանական զինուժի կողմից եղած կրակոցներից և ասում. «Հետո՞ ինչ, որ կրակում են»»։ Արդյոք արդարացի չե՞ն Արման Թաթոյանի դիտարկումներն ու մտահոգությունները։

Ի պատասխան մեր հարցմանը՝ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք այս պատասխանները, որոնք ներկայացնում ենք ամբողջությամբ։

1. Հանրապետության նախագահի որևէ այց կազմակերպվելու դեպքում հանրությանը պատշաճ ժամկետում համապատասխան տեղեկություն կտրվի:

2. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով: Նախագահը միջազգային գործընկերների հետ իր շփումների ընթացքում մշտապես բարձրացնում է սահմանում տիրող իրավիճակին, ադրբեջանական կողմի տարբեր սադրիչ գործողություններին, Արցախում ապրող մարդկանց անվտանգության ապահովման և հիմնարար իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

3. Այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելը Հայաստանի Հանրապետության գլխավոր նպատակներից է։

Գաղտնիք չէ, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:

Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ մեր երկրի, այս տարածաշրջանի ապագան առանց կայուն և երկարատև խաղաղության հաստատման չենք տեսնում:

Տեսանյութեր

Լրահոս