Ի՞նչ հայտարարություն է պատրաստվում անել ԵԱՀԿ-ն Ղարաբաղյան բանակցությունների հարցով և ի՞նչ սպասել Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից
Արցախում վերջին շաբաթներին շարունակվող խիստ լարված ռազմական և հումանիտար մթնոլորտի ֆոնին վաղը Բրյուսելում նախատեսվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Փաշինյանի և Ալիևի հետ: Եռակողմ ձևաչափով այս հանդիպմանը նախորդեցին բուռն աշխարհաքաղաքական զարգացումներ եվրասիական մայրցամաքում, ինչպեսև Հարավային Կովկասում, ակտիվացավ նաև դիվանագիտական գործընթացը Երևանի և հավաքական Արևմուտքի՝ Բրյուսելի, Փարիզի, Վաշինգտոնի, ՆԱՏՕ-ի, նաև՝ Թուրքիայի միջև: Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը նաև նախորդել էր Բրյուսելում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հանդիպումն Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Հանդիպումը կազմակերպել էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Քննարկվել էին ապրիլի 6-ին Բրյուսելում առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ ԵՄ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ քննարկումները գնահատվում են բովանդակային, նշվում է, որ մասնակիցները քննարկել են քաղաքական, անվտանգության իրավիճակի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև երկու երկրների միջև խնդիրների ողջ շրջանակը, որպես անցած տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում ձեռք բերած փոխըմբռնումների շարունակություն։ Ըստ հաղորդագրության՝ Հայաստանն ու Ադրբեջանը նաև կանդրադառնան խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերին:
168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին, անդրադառնալով Բրյուսելում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման օրակարգին ու դրանից օրեր անց Փաշինյանի այցին Ռուսաստան, ասաց, որ դրական է այն հանգամանքը, որ ուկրաինական պատերազմի ընթացքում ԼՂ բարդ հակամարտության նկատմամբ հետաքրքրությունն ու ուշադրությունը հատկապես Արևմուտքի մոտ չի պակասում:
Ըստ նրա, պետք է սպասել այդ հանդիպմանը, որ կքննարկվեն բոլոր զգայուն հարցերը՝ գերիների վերադարձի հարցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը սկսելու, կողմերի առաջարկները, հնարավոր Խաղաղության համաձայնագրի ու խաղաղապահների հարցը:
«Ակնհայտ է, որ Խաղաղության համաձայնագրի շուրջ հեռակա կոնսենսուս կա կողմերի միջև, մնում է մի շարք կարևոր հարցեր համաձայնեցնել, ինչի մասին եվրոպական կողմն օրերս հստակ նշեց: Կարևոր հարցերի համաձայնեցումը չափազանց կարևոր է համաշխարհային անկայունության փուլում մեր տարածաշրջանում նոր էսկալացիա թույլ չտալու նպատակով: Կամ պետք է ապահովել առաջընթաց բանակցություններում, կամ նետվել անկայունության ալիքի մեջ: Պարզ է նաև այն հանգամանքը, որ գործընթացի եզրագծերը կքննարկվեն, կհամաձայնեցվեն, ու կմեկնարկի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Առանցքային հարցը մնում է Ղարաբաղի ապագայի հստակեցումը, կողմերի դիրքորոշումների համաձայնեցումը, որը չի բացառվում, որ այս հանդիպմանը քննարկվի, հաշվի առնելով, որ կողմերի հրապարակային առաջարկների փոխանակումներն առնչվել են նաև այս կարևոր հարցին:
Այս փուլում, կարծում եմ, կարող է քննարկվել նաև խաղաղապահ կոնտինգենտի կազմը փոփոխելու հարցը, քանի որ միայն ռուսական ներկայությունն ունակ չէ պահպանել կայունություն ռեգիոնում: Ռուսաստանը պատրաստ է այս սցենարներին, այլ հարց է, թե տարածաշրջանի երկրները որքանով են պատրաստ դրան և հետագա բոլոր սցենարներին: Այս ֆոնին կարևորում եմ ԵԱՀԿ գործող նախագահ Ռաուի այցը տարածաշրջան, որը հնարավորություն ունեցավ կողմերին ներկայացնել ԵԱՀԿ դիրքորոշումը մինչ այս հանդիպումը:
Սակայն, անկախ կանխատեսումներից՝ մենք գիտենք, որ սրանք բարդ բանակցություններ են, և կարևոր է տեսնել, թե հանդիպումից հետո ինչ է ասվում: Սակայն նշենք նաև, որ աշխարհաքաղաքական զարգացումները գնում են, օրինակ՝ մեղմվում են թուրք-ամերիկյան տարաձայնությունները, սա ևս ոչ անսպասելի, սակայն նոր իրավիճակ է մեր ռեգիոնի համար՝ իր հետևանքներով, նմանատիպ փոփոխություններն անընդհատ են, աշխարհը նախկինի նման չէ, ակտիվ վերադիրքավորումներ են ընթանում, Վրաստանը ևս փոխեց ԱԳ նախարարին, սա ևս դրա ցուցիչն է: Պետք է պատրաստ լինել դեռ մի որոշ ժամանակ նման ակտիվ փոփոխությունների»,- ասաց վերլուծաբանը:
Անդրադառնալով տեղեկությանը, թե ԵԱՀԿ մամուլի խոսնակի հայտարարությունն է սպասվում ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերաբերյալ՝ Գոգոլաշվիլին ասաց, որ այդ տեղեկությունը նշանակում է, որ թեև չկա ակտիվ բանակցային գործընթաց, այնուամենայնիվ գործընթացն ունի փակ կողմ, և մասնակիցների համար շատ հարցեր պարզ են, կանխորոշված, միջնորդների կողմից համաձայնեցված: «Կարելի է կանխատեսել, որ ԵԱՀԿ-ն անձամբ կտեղեկացնի, որ ԵԱՀԿ ՄԽ-ն որոշակի բովանդակային շրջանակի շուրջ վերսկսում է աշխատանքը կողմերի հետ: Այս ամիսների ընթացքում փաստորեն դա համաձայնեցվել է, իսկ փորձագիտական համայնքը, հասարակությունները բնականորեն շատ պայմանավորվածությունների մասին տեղեկանում են ավելի ուշ: Սակայն այն կարծիքին եմ, որ այնուամենայնիվ հայտարարություն մինչ եռակողմ հանդիպումը չի լինի, այլ կլինի դրանից հետո, քանի որ կարևոր հարցերը, որոնցից խոսեցի, քննարկվելու են այս հանդիպմանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մոսկվայում օրեր անց սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ Գոգոլաշվիլին այն կարծիքին է, որ որքան էլ ՌԴ-ն «զբաղված է», նրան հարկավոր է ցույց տալ, թե կան դաշնակիցներ, գործընկերներ, որոնց հետ նա անձամբ աշխատում է, վերահսկում իրավիճակը ԼՂ-ում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ և որտեղ սուր իրավիճակներ պատահեցին: «ՌԴ նախագահը խնդիր ունի՝ ցույց տալ, որ շարունակում է պրոդուկտիվ մնալ այլ գոտիներում, ինչն այդքան էլ այդպես չէ, պետք է քանի դեռ պատերազմը չի ավարտվել, էլ ավելի դեմոնստրատիվ շփվի իր քիչ դաշնակիցների հետ: Ռուսական բանակցությունների մասով դժվարանում եմ որևէ բան ասել, կարծում եմ՝ առավելապես դեմոնստրատիվ բնույթի հանդիպում է սպասվում»,- ասաց նա: