ՍԴ-ն գործերի բանավոր քննությունից պաթոլոգիկ վախ ունի, կամ «Ալեն ջան, հետդ եմ»
Սահմանադրական դատարանը (ՍԴ), հակառակ բաց ու հրապարակային աշխատելու իր խոստումներին, շարունակում է յոթ դռների հետևում բոլորից թաքուն ու բոլորին անհասկանալի որոշումներ կայացնել։
Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ ընտրելու որոշման սահմանադրականության հարցով ՍԴ-ն որոշել էր անցնել բանավոր ընթացակարգի, որին կողմ էր քվեարկել նաև Ալեն Սիմոնյանի հովանավորյալ, «Ալեն ջան, հետդ եմ» ֆեյսբուքյան գրառման հեղինակ Էդգար Շաթիրյանը: Բայց Շաթիրյանը Ալենի ընկերը չէր լինի, եթե շաբաթներ անց, հակառակ զեկուցողի կարծիքի, չառաջարկեր բանավորից անցնել գրավորի, այն դեպքում, երբ անհասկանալի է, թե այդ ինչպե՞ս վերացան բանավոր դատաքննության անցնելու հիմքերը:
Իհարկե, կարելի էր մտածել, որ դա արվում է արագ կամ արդյունավետ աշխատելու համար, եթե, իհարկե, գործի քննությունը հետաձգված չլիներ շուրջ երկու ամսով՝ ԱԺ ներկայացուցչի միջնորդության հիման վրա, ինչպես նաև մեկ-երկու բանավոր ընթացակարգով գործերի քննությունից ամբողջությամբ ի դերև չդառնար Նիկոլի սրտի ՍԴ կազմի բոբիկությունը, մակերեսայնությունը, խնդիրներին չտիրապետելը և, անշուշտ, այլ մոտիվացիա ունենալու հանգամանքը:
Բանավոր քննության ժամանակ, օրինակ, դժվար է թաքցնել ՍԴ նախագահի ՝ նախօրոք պատրաստած «շպարգալկայից» օգտվելու հանգամանքը, նիստի ընթացքի վերաբերյալ տարրական կանոներին կամ գործի էությանը չտիրապետելը, գործի նկատմամբ կանխակալությունը և վերջապես այն, թե ով է Արման Դիլանյանի «նայողն» ու հուշարարը։
Մնում է միայն մարդկայնորեն փորձել հասկանալ պարոն Շաթիրյանին. ի վերջո, ժողովրդավարության բաստիոնում ո՞վ կարող էր ՍԴ դատավոր դառնալ բացառապես Ալեն Սիմոնյանին ձոնված հավատարմության կամ ՍԴ կազմաքանդման իրավաչափությունը «հավաստող օբյեկտիվ» ստատուսների շնորհիվ և ոչ միայն: