«Այժմ արդեն անցան ծրագրի երկրորդ մասին. այն Հայաստանի հանձնումն է». Թուրքագետ

«Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու` հնարավոր չէ, որ մենք որևէ քայլ անենք՝ հատկապես արմատական հարցերում: Սա անգամ նախապայման էլ չէ, այլ բնական երևույթ է»,- հայ-թուրքական օրակարգում Ադրբեջանի մշտական աներևույթ ներկայությանն անդրադառնալով՝ երեկ թուրքական «Ahaber» լրատվականին տված հարցազրույցում կրկին նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ի դեպ, նա կրկին խոսել է ադրբեջանական առաջարկի՝ համապարփակ խաղաղության պայմանագրի մասին:

Նկատենք՝ թուրքական կողմի այս շեշտադրումները հնչում են Արցախում ադրբեջանական կողմի հերթական ագրեսիայից հետո: Այսինքն՝ Թուրքիան մի կողմից՝ խոսում է խաղաղության, հաշտության մասին, մյուս ձեռքով՝ աջակցում Ադրբեջանին հրահրել տարածաշրջանային անկայունություն: Ակնհայտ է՝ այս պարագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայրենի իշխանությունների ջանքերը Սիզիփյան աշխատանք են հիշեցնում:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ խաղաղության թուրքական բանաձևը հայերի համար կործանարար է լինելու:

«Թուրքերը խաղաղությունը հասկանում են իրենց ձևով. այսինքն՝ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ թշնամին, տվյալ դեպքում՝ հայը, ծնկի եկած աղերսում է՝ իրեն չկոտորել: Նման իրավիճակ էր 1915թ., երբ մարդիկ կարծում էին՝ թուրքի առջև ծնկի գալով, թուրքն իրեն չէր սպանի:

Խնդիրն իրականում թուրքի մեջ չէ, այլ մեր մեջ է, որովհետև այնպես չէ, որ մեր իշխանավորները շատ միամիտ են, չգիտեն այդ ամենը. ո՛չ, վարչապետն իր առջև դրված պարտականությունը փայլուն կատարում է, և այսօր հայության դեմ է ոչ միայն Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը, այլ Թուրքիա, Ադրբեջան, Արցախի ու Հայաստանի իշխանություններ համագործակցությունը»,- մանրամասնեց թուրքագետը:

Անդրադառնալով հատկապես վերջին օրերին Արցախում լարվածության խորացմանը՝ նա չբացառեց նոր պատերազմի հավանականությունը:

Ըստ նրա՝ այս անգամ ականատեսն ենք լինելու Հայաստանի հանձնման արարին:

«Ծրագրի առաջին մասն Արցախը թուրքերին հանձնելն էր, որը մեծամասամբ հաջողացրին, սակայն շնորհիվ Ռուսաստանի՝ գոնե Ստեփանակերտն իր շրջակայքով փրկվեց: Այժմ արդեն անցան ծրագրի երկրորդ մասին՝ այն Հայաստանի հանձնումն է. Սյունիքը, Սևանի և Նախիջևանի կողմից ինչ-որ տարածքներ հանձնվելու են թուրքերին և ադրբեջանցիներին:

Հիշենք՝ մեր վարչապետն այնքան ուշացրեց խաղաղություն կնքելու ՌԴ առաջարկը, որ 5000 երիտասարդներ նահատակվեն, և իրեն էլ արդարացրեց, թե 20-30 հազար զինվոր է փրկել դրանով, այդ նույն սցենարը, այսօր տեսնում եմ, նորից մոտենում է մեզ: Կամ ինչպես, օրինակ՝ «Սև լճի այդ 30 տոկոսի համար պատերա՞զմ ենք սկսելու»-ն. ասելու են՝ մի Սյունիքի համար հո այսքան մարդ չե՞նք զոհելու, և այլն:

Իհարկե, հիմա գնում են ինչ-որ առճակատման: Այո, այստեղ պատերազմ է լինելու մեծ հավանականությամբ, որում նաև գլոբալ քաղաքականությունը կա, որը նախատեսում է երկրորդ Ուկրաինա դարձնել: Թշնամին պատերազմելով մտնելու է: Իհարկե, մերոնք չեն դիմակայելու հարձակմանը, հիշենք պատերազմից հետո չկրակելու հրահանգը, ինչի պատճառով այդքան գերիներ ունեցանք, նույն սցենարը կատարվելու է այստեղ: Հարձակվելու են, մերոնք տեղ-տեղ հնարավոր է՝ պայքարեն, իսկ հիմնականում՝ նահանջելու են, և վերջում վարչապետն ասելու է՝ կապիտուլյացիա ենք ստորագրելու, թե չէ ավելի մեծ զոհեր կունենանք:

Դա կատարվելու է, եթե Ռուսաստանը չհաջողացնի դա կանխել»,- ասաց Տիրան Լոքմագյոզյանը:

Թուրքագետը շեշտեց՝ թեև սցենարը գլոբալ խաղացողներն են հեղինակելու, սակայն իրագործողները լինելու են Թուրքիան և Ադրբեջանը:

Տեսանյութեր

Լրահոս