Ընտրություններ՝ սառնամանիքի և հոսանքազրկումների պայմաններում. ինչո՞ւ չեն ջեռուցվում Վեդիի ընտրատեղամասերը
Վեդի խոշորացված համայնքի տարբեր ընտրատեղամասեր զրկված են ջեռուցումից, աշխատանքի համար պատշաճ պայմաններն ապահովված չեն:
Արարատի նախկին մարզպետ և այժմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի սանիկ ու մտերիմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանի ծննդավայր Նոր Կյանք համայնքի 13/13 ընտրատեղամասում առավոտից ջեռուցման խնդիր կա, իսկ փոքր տաքացուցիչների միացումից պարբերաբար տեղի են ունենում նաև հոսանքի անջատումներ:
168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընտրատեղամասում զգուշացրել են, որ մի քանի ժամ է հարկավոր ընտրատեղամասն ամբողջությամբ հոսանքազրկելու և հոսանքի խնդիրը վերացնելու համար: Իսկ գազամատակարարման դադարեցումը բացատրել են վթարով:
Փոքր Վեդիից մեր թղթակիցը տեղեկացնում է, որ թեև հանձնաժողովի անդամներին տրամադրվել են էլեկտրական տաքացուցիչներ, բայց սրահում, ընդհանուր առմամբ, ցուրտ է, աշխատանքի համար պատշաճ պայմաններ չկան:
Արալեզի 13/10 ընտրատեղամասում ևս ջեռուցում չկա, մեր թղթակցի փոխանցմամբ՝ ներսում ուղղակի սառնամանիք է: Ընտրատեղամասը տեղակայված է գյուղի մշակույթի տանը: Հանձնաժողովի անդամները նշում են, որ հոսանքի հետ խնդիրներ կան, և նույնիսկ դեկտեմբերին են նման պայմաններում ընտրություններ անցկացրել:
Ի դեպ, առավոտյան Վեդի խոշորացված համայնքում հոսանքազրկումներ էին տեղի ունենում: 13/17 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը 168.am-ի թղթակցին վստահեցրել էր, որ դեռ որոշակի ժամանակ մատնահետքերը ֆիքսող սարքը կարող է աշխատել: Իսկ հոսանքազրկման պատճառը, ըստ նրանց, Լուսառատում տեղի ունեցած վթարն է եղել:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի սանիկ և մտերիմ Գարիկ Սարգսյանը։ Ավագանու թեկնածուներից միայն 21-ն են անկուսակցական, մյուսները ներկայացնում են ՔՊ-ն։
Իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակում ընդգրկված են ավագանու 80 թեկնածուներ․ ցուցակը գլխավորում է «Իմ հզոր համայնք» կուսակցության ներկայացուցիչ Սպարտակ Թարթիկյանը։ Ավագանու թեկնածուներից 65-ը նույնպես ներկայացնում են «Իմ հզոր համայնքը», 2 թեկնածու ներկայացնում է ՀՀԿ-ն, 1-ը՝ ՀՅԴ-ն, մնացած 11-ն էլ անկուսակցական են։
Հիշեցնենք, որ Վեդիում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացվել էին ՏԻՄ ընտրություններ․ «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել էր 8 666 մարդ, ՔՊ-ի օգտին՝ 7 690 մարդ. «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել էր 3299 ընտրող։ Ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարվեց նոր ընտրություններ անցկացնելու մասին։