Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը կրկին ակտիվացել
Վերջերս Աննա Հակոբյանը, որ 44-օրյա պատերազմի աղետալի կորուստներից հետո տևական ժամանակ հրապարակային միջոցառումների խուսափում էր մասնակցել, հասարակության աչքին երևալ, սկսել է կրկին ակտիվանալ:
Փետրվարի սկզբին սոցցացերում լուսանկարներ տեղադրեց՝ ցուցադրելով իր նոր սանրվածքն ու հագուստը՝ մորթե թիկնոցով:
Փետրվարի կեսերին նրա կայքէջը տեղեկություն էր հրապարակել Ալեսանդրո Սաֆինայի համերգին նրա ներկա գտնվելու մասին։ Հրապարակել էին նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնցում հատուկ ցուցադրվում էր նոր սանրվածքը և երեկոյան զգեստը։
Օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր և լուսանկարներ էր հրապարակել Խարբերդի մասնագիտացված մանկատնից։
Մարտի 22-ին Ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան ընդառաջ հանդիպել է աուտիզմ ունեցող երեխաների հետ, ինչպես նաև երեխաներից մեկի հետ պարելու տեսանյութ էր տեղադրել՝ երգելով «Ով սիրուն, սիրուն» երգը:
Մարտի 24-ին, երեկոյան, երբ Արցախից հերթական բոթը ստացանք, որ ադրբեջանցիները առանց կրակոցի անարգել գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու շարժվում են ռազմավարական Քարագլուխ բարձունքի ուղղությամբ, Խրամորթը պատրաստվում էր ինքնապաշտպանության, իսկ Արցախի Զինված ուժերին տագնապի թիվ մեկ հրաման էր տրված, երբ ընտանիքներով՝ իրենց երեխաների հետ մարդիկ լքում էին ծննդավայրն ու տները, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան սթորի էր տեղադրում կրտսեր դստեր հետ։ Լուսանկարում, որը տեղադրված էր 21:02 րոպեին, մայրուաղջիկ երջանիկ ժպտում էին։
Սա այն դեպքում, երբ արցախցի երեխաները, արդեն տևական ժամանակ, ձյանն ու ցրտին առանց ջեռուցման գոյատևում են։ Եվ այդ արհավիրքների, 5000 երիտասարդների և հայրենիքի կորուստների թիվ մեկ մեղավորը ոչ այլ ոք է, քան հենց Աննա Հակոբյանի ամուսինը:
Այսօր էլ, երբ Արցախում իրավիճակը լարված է, երկրի և քաղաքացիների ճակատագիրն անորոշ է, Աննա Հակոբյանը նոր լուսանկարների շարք է հրապարակում… ոչ ավել, ոչ պակաս՝ զոհվածների մի խումբ մայրերի հետ.
«Կանանց մեկամսյակի այս օրը անցկացրեցինք անմահացած մեր հերոսների մայրերի, կանանց, քույրերի, տատիկների հետ միասին։ Շնորհակալ եմ ներկայության, ջերմ խոսքերի, ինձ լսելու և հասկանալու համար։ Մենք ենք, որ իրար պետք է ուժ տանք, և մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը:
Նա, ով «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով 2018թ. Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունից» մեկ տարի անց երկրում տիրող իրավիճակին, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանն ու Հայաստանում կանանց դերին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասել էր.
«Այս նախաձեռնության իմաստը, որ ոչ թե դիմում ենք ադրբեջանցի կանանց, այլ, ըստ էության, դիմում ենք ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին՝ կողմերին և միջնորդություն իրականացրած երկրներին: Եվ մեր կոչն է, որպեսզի հրադադարի ռեժիմը անբեկանելիորեն պահպանվի, որ չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին, ինչպես Հայաստանի կողմից, այնպես էլ՝ Ադրբեջանի: Այսինքն՝ մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է, նրանց չզոհաբերելը հանուն ոչնչի: Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց այդ մեկնած կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք հակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետև հայտնի ճշմարտություն է՝ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, հակամարտության լուծում գտնել»,- նշել է նա:
44-օրյա պատերազմից հետո, երբ Աննա Հակոբյանը զինվորական համազգեստով Արցախի հրամանատարական բունկերում ինչ-ինչ հրահանգներ էր տալիս, «Էրատո» ջոկատով հարդարված մազերով ֆոտոսեսիաներ էր անում, հասարակության լուրջ քննադատություններին արժանացավ և այդ իսկ պատճառով փորձում էր հնարավորինս քիչ երևալ հանրության տեսադաշտում մարդկանց զայրույթը չառաջացնելու համար: Ըստ օդում կախված լուրերի՝ որոշ քաղտեխնոլոգներ խորհուրդ են տվել նրան չերևալ սոցցանցերում, որովհետև Նիկոլ Փաշինյանի հեղինակության անկման վրա նրա երևալն է՛լ ավելի է անդրադառնում: Ահա նա կրկին ակտիվացել է: Արցախում և Հայաստանի որոշ սահմաններում իրավիճակը լարված է: Հարց է առաջանում՝ ինչու է նա կրկին ակտիվացել: Ի դեպ, բավական խորամանկ ձևով՝ խոցելի խմբերի հետ հանդիպումների լուսանկարներ հրապարակելով՝ իրականում նա այդպիսով փորձում է պաշտպանվել սուր քննադատություններից՝ որպես վահան օգտագործելով այդ մարդկանց: