Այս իշխանությունը համարժեք չէ ստեղծված վիճակին, և եթե խելքի չգանք, Ադրբեջանը շրջապատելու է Արցախը, կտրելու է ենթակառույցներն ու հայաթափելու է այն․ Սեյրան Օհանյան

Ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը ստիպում է, որ մենք սթափ գնահատենք այսօր առկա իրադրությունը, նախևառաջ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դրսևորած հանցագործ վարքը, որը ոչ միայն Արցախում է, այլև ՀՀ սահմաններին, մեր երկրի ներսում։ Այդ երկրները, գնահատական չստանալով միջազգային հարթակում, օգտվելով իրավիճակից՝ շարունակում են ճնշումը Հայաստանի և Արցախի վրա։ Դա է վկայում նաև հումանիտար իրավիճակն Արցախում, գազատարի անջատումը, և եթե ամրապնդվեն, նաև այլ ուղղություններով փորձելու են շրջապատել Արցախը, կտրել ենթակառույցները։ Հեռահար նպատակն Արցախի հայաթափումն է, և այն սադրանքները, որոնք իրականացվում են Արցախի նկատմամբ, վկայում են, որ Ադրբեջանն անտեսում է ոչ միայն ՀՀ իշխանությանը, այլև ռուսական խաղաղապահ առաքելությանը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, մասամբ նաև՝ Ադրբեջանի իշխանությունների և ուժայինների կապերը պատշաճ մակարդակի վրա չեն, համագործակցություն ձևավորված չէ։ Մեր իշխանությունները չեն ուսումնասիրել պաշտպանության դիրքերի գործող կոնֆիգուրացիան, փակված չեն պաշտպանության ճեղքերը, իսկ պատճառն այն է, որ մերոնք հավաստիացրել են խաղաղապահներին, թե անհրաժեշտություն չկա այդ գիծն ամբողջապես փակելու։ Այնինչ հասկանալով Ադրբեջանի և Թուրքիայի խորամանկ ծրագրերը, Շուշիի հռչակագրի հիմնական կետերը՝ մենք պետք է սթափ լինեինք։ Մենք այնպիսի կրակի վրա ենք, որը կարող է բերել շատ ծանր իրավիճակի Արցախում և ՀՀ-ում։ Մեր իշխանություններն արդյոք համարժե՞ք են իրենց որոշումներում, կարողանո՞ւմ են որոշել առաջնահերթությունները։ Կառավարության հաշվետվությունում գրված է, թե անվտանգության հիմնական երաշխիքը խաղաղությունն է։ Դա անգրագետ միտք է, քանի որ խաղաղությունը երաշխիք չէ, այլ հիմնարար արժեք, իսկ երաշխիքները լինում են ազգային և միջազգային»,- ասաց քաղաքական գործիչը։

«Իշխանությունը պետք է պարզաբանի, թե ինչո՞ւ այս պահին ուղիղ կապ չկա Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև, և թե ինչո՞ւ չեն կարողացել կանխարգելել սադրանքները։ Այս իշխանությունը պատասխանատվության բեռը գցում է խաղաղապահների վրա, մինչդեռ չպետք է քո տարածքի անվտանգության խնդիրների ապահովման բեռը գցես ուրիշների վրա։ Իրավիճակի պատասխանատուն ՀՀ և Արցախի իշխանություններն են ու մեր Զինված ուժերը։ Տուժողը Փառուխ խաղաղ գյուղի գյուղացիներն են, ո՞վ է պատասխան տալու նրանց։ Արդյո՞ք ապահովված է համագործակցությունը պետությունների և ԶՈՒ-երի միջև, ճշտվե՞լ են տեղերում յուրաքանչյուրի գործողությունները, արագ արձագանքման խնդիրները։ Այդ բացատրությունները միայն այս իշխանությունը կարող է տալ, և նոր միայն պարզ կլինի՝ ով է մեղավորը։ Այսպիսի դեպքերում պետք է անցկացնել ծառայողական քննություն, պարզել յուրաքանչյուրի պատասխանատվության աստիճանը»,- նշեց Օհանյանը:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ յուրաքանչյուրն էլ մտածում է խաղաղության մասին, բայց պետք է դրա երաշխիքներն ունենա, մեզ համար այդ երաշխիքը բանակի մարտունակությունն է. «Եթե այս իշխանությունն իր որոշումներում համարժեք չլինի, մենք ծանր իրավիճակում ենք հայտնվելու։ ՀՀ իշխանություններն առաջին հերթին դրա մասին պետք է մտածեն։ Այս ութ ամսում Արցախի վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունները՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ձևավորում, հայտարարության նախագծեր՝ սահմանագծման և սահմանազատման, ապա և՝ Շուշիի հռչակագրի անթույլատրելիության մասին, վերջերս՝ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն հետապնդող կամ ԱԺ-ում կառավարության պարտադիր հաշվետվություն նախատեսող օրինագծերն այս իշխանությունը մերժում է, դրանց ընդունումը՝ ձախողում։ Սա վկայում է, որ իրադրության գնահատման մեջ այս իշխանությունը չի կարող որոշել առաջնահերթությունները։ Փոխարենը՝ մեր կառավարությանն ավելի շատ կարելի է տեսնել երկրորդական միջոցառումների, քան մեր պաշտպանությանը վերաբերող հավաքներին»:

«Արցախում երկու զորակազմ կա՝ ՊԲ և խաղաղապահ ուժեր, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդիրներ են դրված նրանց առջև։ Պետք է ճշտվի, թե խաղաղապահները որտեղ են տեղակայված, դա նշանակում է՝ մնացած մասերում ՊԲ-ն է անվտանգության երաշխավորը։ Այս հարցերին կարող է պատասխանել միայն օրվա իշխանությունը, քանի որ մենք այդ տվյալներին լիարժեք չենք տիրապետում։ Բոլոր այս ձախողումները, ցավոք, մոռացվում են։ ՀՀ սահմաններին վերջին սադրանքները, երբ նոյեմբերի 16-ին վեց դիրք կորցրինք, հետո՝ Ներքին Հանդում թշնամու առաջխաղացումը, հիմա էլ՝ Փառուխը, որը դարձյալ որոշ ժամանակ անց կմոռացվի։ Եթե այս իշխանությունները խելքի չգան, մեր վիճակը շատ ծանր է լինելու»,- ամփոփեց Սեյրան Օհանյանը:

Տեսանյութեր

Լրահոս