Բելգիայի վարչապետն անընդունելի է համարել գազի ներկայիս գները

Եվրամիությունը գործիքակազմ ունի գազի գները նվազեցնելու համար, դրա ներկայիս գներն անընդունելի են: Այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր դե Կրոոն: «Ներկայիս գները չափազանց բարձր են, դրանք պետք է նվազեցվեն: Մենք՝ որպես ԵՄ, ի վիճակի ենք դա անել:

Նախեւառաջ՝ միավորվել եւ գազը գնել միասին: Ինչպես մենք դա արեցինք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կապակցությամբ՝ նվազեցնելով գները եւ ապահովելով մատակարարումները: Երկրորդ միջոցը միջամտությունն է շուկաներին, երբ գները չափազանց բարձրանան: Այսօրվա գները աղերս չունեն իրականության հետ: Ուստի մեզ անհրաժեշտ է միջամտել»,-հայտնել է նա Բրյուսելում անցկացվող ԵՄ-ի գագաթնաժողովի երկրորդ օրն սկսելուց առաջ:

Նախօրյակին դե Կրոոն հայտարարել է, որ Ռուսաստանի պահանջով գազի պարտավորագրերում արժույթի վերանայումը նշանակում է, որ կարելի է վերանայել նաեւ էներգակիրների գները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսաստանյան ապրանքների ԵՄ եւ ԱՄՆ մատակարարումը եւ նրանց արժույթով վճար ստանալն իմաստ չունի, գազի վճարումը կկատարվի ռուբլով: Պուտինը հանձնարարել է ԿԲ-ին եւ նախարարների կաբինետին՝ մեկ շաբաթվա ժամկետում որոշել Եվրոպայի հետ ռուբլով գործառնություններ կատարելու կարգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս