«Եթե թշնամուն հաջողվի իր հսկողության տակ վերցնել Քարագլուխը՝ վերահսկողություն կսահմանի ողջ Արցախի նկատմամբ․ պահն օրհասական է». Մետաքսե Հակոբյան

Այս պահին Արցախի Հանրապետության Փառուխ գյուղը գտնվում է թշնամու հսկողության տակ։ Դեռևս ռուս խաղաղապահները փորձում են խաղաղ ճանապարհով թշնամուն ուղարկել իր ելման դիրքեր։ Չեմ կարող ասել, թե որքանով կստացվի, կամ առհասարակ կստացվի՞, թե՞ ոչ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախում թշնամու  սադրանքներին, որի արդյունքում նրանք հայտնվել են Փառուխ գյուղում։

Ըստ պատգամավորի, գիշերը թշնամու կողմից ականանետեր, ԱԹՍ-ներ են կիրառվել, որի արդյունքում հայկական կողմն ունի վիրավոր, իսկ թշնամին՝ զոհեր։

«Թշնամու նպատակը միայն Փառուխն ու Խրամորթը չեն, իրականում դրանք ստրատեգիական նշանակություն ունեն, եթե թշնամուն հաջողվի իր հսկողության տակ վերցնել Քարագլուխը, ապա կարելի է ասել, որ նրանք ուղղակի կարողացան վերահսկողություն սահմանել ողջ Արցախի նկատմամբ։ Այս առումով պահն օրհասական է, բայց վերահսկելի է այն առումով, որ իրենց կողմից առաջխաղացում չկա, դեռևս այն դիրքում են, որտեղ եկել ու դիրքավորվել են։ Այսինքն՝ թշնամին ո՛չ հետ է գնացել, ո՛չ առաջ, սա է իրականությունը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների, մասնավորապես՝ ԱԳՆ-ի հայտարարություններին՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ «եթե այս իրավիճակում նման կերպ պետք է իրենց պահեին, ավելի լավ է՝ լռեին»։

«Իրականում, եթե մենք խոսում ենք եռակողմ պայմանավորվածության մասին, որի տակ ստորագրել են երեք ղեկավարները, և ցավալի փաստ է, որ մեր ղեկավարը, որպես այդպիսին, հանդիսացել է Նիկոլ Փաշինյանը, երեքն էլ հավասար պատասխանատվություն են կրում այդ կետերի իրագործման համար։ Ստացվում է  այնպես, որ ռուս խաղաղապահները կամ ռուսական կողմն այն պարտավորվածությունները, որոնք ունի, կատարում է, այսինքն՝ փորձում է խաղաղ ճանապարհով իրավիճակին լուծում տալ։ Ըստ այմ, ՌԴ-ն երեկ ոչ թե կոչ արեց, այլ հստակ զգուշացրեց ու առաջադրանք տվեց Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին՝ կատարել իրենց պարտավորվածությունները։ ՀՀ ԱԳՆ-ի երեկվա հայտարարության վրա, չգիտեմ՝ լացե՞մ, թե՞ ծիծաղեմ, որովհետև փողոցում յուրաքանչյուր քաղաքացի կարող է նման կոչ անել, այնտեղ ԱԳՆ-ին հարիր որևէ հայտարարություն  ու գործողություն չկար։ ԱԳՆ-ն կոչ է անում, որպեսզի ռուս խաղաղապահներն իրականացնեն իրենց գործառույթները, այն դեպքում, երբ ինքը որևէ գործառույթ չի իրականացնում»,- հավելեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը և երեկվա պահվածքը զգոնացնող էր։

«Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը շատ նման էր 2019 թվականին Ստեփանակերտում նրա հայտարարությանը և պահվածքին, երբ գոռում-գոչում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ։ Երեկ նա նույնն արեց, ըստ էության ասաց, որ Ադրբեջանը հաղթած չէ անքան ժամանակ, քանի դեռ Արցախում 117.000 հայ կա, եթե նրանք էլ չլինեն, ապա Ադրբեջանն ամբողջովին կլինի հաղթած։ Այսինքն՝ իրենք անում են այն, ինչ պետք է անեն։ Այս պահին Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի հետ անում են այն, ինչ անում է Ադրբեջանը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս