«Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը նպատակ չունեն հասնել խաղաղության». Արման Աբովյան

«Շատ սխալ է դիտարկել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում՝ լոկ ռուս-ուկրաինական հարաբերությունների ներքո: Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ ուկրաինական ճգնաժամն ազդարարեց նոր աշխարհաքաղաքական սահմանագծերի գծման գործընթացը»,- «Խաղաղություն՝ պատերազմի ժամանակ. Ի՞նչ է առաջարկվում և սպառնում Հայաստանին» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը:

Դիտարկելով գործընթացները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում, Հյուսիսային Իրաքում՝ Արման Աբովյանը նշեց, որ պետք է հասկանալ մեկ բան՝ այլևս գոյություն չունի միջազգային անվտանգային համակարգ:

«44-օրյա պատերազմը շատ պարզ ցույց տվեց, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերը ցանկացած հանցագործություն անում են, բայց այդ հանցագործությունը ոչ պատճաշ արձագանք է ստանում՝ սկսած խաղաղ բնակիչների գնդակահարումներից, քաղաքների ռմբակոծությունից, արգելված զենք-զինամթերք կիրառելուց ու վերջացրած բոլոր գործընթացներով: Մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին մեզ պետք է ազդակ լինեն, որովհետև 44-օրյա պատերազմը, չգիտես՝ ինչու, դաս չեղավ հայ հասարակության համար առ այն, որ՝ վե՛րջ, ինչ փաստաթուղթ ուզում ես՝ ստորագրի, ՄԱԿ-ում բաներ խոսի կամ ԵԽ նիստի ժամանակ լացակումած ճառեր ասա՝ դա իրականության հետ կապ չունի: Եվ այսօր գծվում են նոր աշխարհաքաղաքական սահմաններ, և գրվում են նոր անվտանգային համակարգի ձևավորման այդ բոլոր դրույթները, թե ինչպես է ապրելու երկրագունդը, և եթե ինչ-որ մեկին թվում է, որ Հայաստանը կարող է զերծ մնալ այս գործընթացներից, ինքը չարաչար սխալվում է, որովհետև այդ պայմանական սահմանագծերն անցնելու են նաև Հայաստանի տարածքով, ավելի ճիշտ՝ Հարավային Կովկասով, եթե կցանկանաք՝ Անդրկովկասով, ու մեզնից է կախված, թե դրանք ինչպե՞ս են անցնելու»,- ասաց Արման Աբովյանը:

Նա ընդգծեց՝ ՄԱԿ-ի պարենային անվտանգության գծով հանձնաժողովն արդեն հայտարարել է, որ հնարավոր է՝ աշխարհում պարենը 2 անգամ թանկանա, և դա, ըստ բանախոսի, վտանգներից մեկն է:

«Ավելացել են վտանգները Հայաստանի, Արցախի համար: Ստիպված եմ վերադառնալ, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի շինծու գաղափարին, որը գցվում է հայկական տեղեկատվական դաշտ: Խաղաղությունը կա՛մ թելադրվում է, կա՛մ ձեռք է բերվում, երբ հիմնական խաղացողները, ում հետ կոնֆլիկտ ունես, խաղաղության ջատագով են: Ես չգիտեմ՝ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ ի՞նչ պետք է անեն, որ հայ հասարակությունը հասկանա շատ պարզ ճշմարտություն՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը նպատակ չունեն հասնել խաղաղության՝ շատ պարզ պատճառով՝ գեոստրատեգիկ առումով իրենց զարգացման, անվտանգային տեսլականն իսպառ բացառում է հայկական գործոնի ներկայությունը Հարավային Կովկասում»,- նկատեց Արման Աբովյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս