Չեմ հասկանում՝ որ ժամից հետո են մարդիկ գործում ի պաշտոնե և որ ժամից հետո՝ պաշտոնական պարտականությունների բերումով. Ամրամ Մակինյան
Վերաքննիչ դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց Ռուբեն Հայրապետյանի քրեական գործին միջամտելու` Աննա Վարդապետյանի գործողությունները հանցագործություն չորակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը: Դատավորը կողմերին լսելուց հետո տեղեկացրեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով նիստը կհետաձգվի. նոր նիստի օր նշանակեց մարտի 29-ը:
Հիշեցնենք՝ 2021 թվականի մարտի 10-ին 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում գործով քննիչ Արթուր Այվազյանին: Քննիչը նաև էլեկտրոնային նամակագրությամբ Ռուբեն Հայրապետյանի՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններն էր փոխանցել Աննա Վարդապետյանին:
Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը նիստից հետո անդրադառնալով դատարանից ակնկալիքների մասին 168.am-ի հարցադրումներին՝ նկատեց. «Ես համոզված եմ, որ դատարանը ամբողջ ծավալով բողոքն ընկալել է, և սպասենք, որ որոշումը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ակնկալում ենք մենք, այսինքն՝ բավարարվի»:
Արձագանքելով մեր դիտարկմանը, թե պատասխանող կողմը և Աննա Վարդապետյանը բազմիցս նշել են, որ սույն գործով ոչ ի պաշտոնե խորհրդատավական կարծիք են հայտնել միայն, իսկ դրան հետևած հարցադրմանը, թե արդյո՞ք չի ստացվում, որ ցանկացած պաշտոնյա, ոչ ի պաշտոնե, նաև հնարավորություն ունի նման խորհրդատվություն տրամադրել, պաշտպանը նշեց. «Ես չեմ հասկանում, թե որ ժամից հետո են մարդիկ գործում ի պաշտոնե և որ ժամից հետո՝ արդեն պաշտոնական պարտականությունների բերումով: Այդ պատճառաբանությունները մեզ համար առնվազն զավեշտի են հասնում»:
Ամրամ Մակինյանը համոզված պնդեց, որ վարչապետի օգնականի ներգործությունը մեկանգամյա բնույթ չի կրել:
«Իրենք էլ գիտեն, որ ուղղակի բացահայտվել է այն, ինչ չեն կարողացել թաքցնել: Պետք է ընդունվեր այդ հանգամանքը և հաստատվեր արդեն, որ ընդհանրապես Հայաստանում քրեական արդարադատությունը ղեկավարվում է կառավարական շենքից: Ես նորից եմ ասում, որ վարչապետի օգնականը որևէ մոտիվացիա չուներ միջամտել պարոն Հայրապետյանի գործին. համոզված եմ, որ այդ միջամտության մոտիվացիան եղել է իր վերադասից»,- ասաց փաստաբանը՝ նկատելով, որ հարուցված բոլոր գործերը փուչիկներ են, որոնք հերթով պայթելու են:
Մանրամասները՝ տեսանյութում