Օղակը սեղմվում է ԱԱԾ-ի և Աննա Վարդապետյանի շուրջ

Երեկ լրացավ 10-օրյա այն ժամկետը, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կամ պետք է քրեական գործ հարուցեր Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ արդարադատությանը միջամտության գործի շրջանակներում, կամ մերժեր քրեական գործի հարուցումը:

Չգիտենք, իհարկե, ինչ է կատարվում այդ առնչությամբ ԱԱԾ-ում, կամ ինչ որոշում ունի իրավապահ այդ կառույցը, սակայն 168.am-ին ԱԱԾ-ից այսօր տեղեկացրեցին, որ մամուլի համար հայտնելու տեղեկություններ չունեն:

Որևէ որոշում չուներ նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացրած ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Ոչ հարուցման, և ոչ էլ հարուցումը մերժելու մասին որոշում ԱԱԾ-ից ես չունեմ: Որոշումը ստանալուն պես կտեղեկացնեմ մեր հետագա գործողությունների մասին»,- ասաց Ամրամ Մակինյանը:

Մինչ ԱԱԾ-ն համառորեն խուսափում է պատասխանից, նոր լուրեր են հասնում առ այն, որ Աննա Վարդապետյանին տեսել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ մտնելիս:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում գործով քննիչին՝ Արթուր Այվազյանին:

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ մեր ներկայացրած տեսանյութերի, էլեկտրոնային նամակագրությամբ Աննա Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեսանյութերում նաև կան տարբեր մարդկանց անուններով word (և այլ) փաստաթղթեր, որոնք, ինչպես պարզեցինք, այդ գործով վկաների անուններն են ներառել: Այդ մարդկանց անուններով փաստաթղթերի առկայությունը նախաքննական մարմնի և Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով խորհրդականի նամակագրության մեջ ողջամիտ հիմք է տալիս ենթադրել, որ պետական պաշտոնատար անձինք համագործակցված կերպով, փաստորեն, «աշխատել են» նաև վկաների հետ:

Քննիչը նաև էլեկտրոնային նամակագրությամբ Ռուբեն Հայրապետյանի՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններն էր փոխանցել Աննա Վարդապետյանին:

Դատախազությունը մեր հրապարակումն ու պաշտպանի հաղորդումն ուղարկել էր ԱԱԾ, ուր մարտի 15-ից նյութեր էին նախապատրաստում:

Ի դեպ, երեկ Ամրամ Մակինյանը, ինչպես և խոստացել էր, սպառելով ԱԱԾ-ին տրված ժամանակը, իր սկսած հետաքննության շրջանակում հրապարակել էր Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) հղած իր հարցման պատասխանը:

«Խոստացել էի անգործության դեպքում զբաղվել փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի բացահայտումով… կամքը ձերն է, դե վայելեք…

Ներկայացնում եմ խմբակի հաջորդ անդամին՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյան՝ միջնորդությամբ ԱԱԾ-ին պարզել, թե ԲԴԽ անդամն ինչ քրեական գործեր էր ուղղորդում Աննա Վարդապետյանի և քննիչների հետ հանդիպելիս… Չպարզեք՝ ես կասեմ, սպասեք ավելիին…»,- գրել էր փաստաբանը՝ հրապարակելով նաև փաստաթուղթը, ըստ որի՝ Աննա Վարդապետյանը և 2 քննիչներ ԲԴԽ շենքում հանդիպել էին ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին:

Եվ թեպետ Ամրամ Մակինյանը փակել էր քննիչների ազգանունները, «Մեդիապորտ» տելեգրամային ալիքը հրապարակել էր ամբողջական փաստաթուղթը:

Պարզվեց, որ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպած քննիչներ Արսեն Գեղամյանն ու Ռոման Սարդարյանը Քաջարանի և Գորիսի քաղաքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերով նախաքննություն վարող քննիչներն են:

Իսկ թե ի՞նչ գործ ուներ Աննա Վարդապետյանն այս քննիչների ու ԲԴԽ անդամի հետ, մնում է միայն կռահել:

Ի դեպ, երեկ 168.amգրել էր, որ  դեռևս ս.թ. փետրվարի 12-ին ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել կարճելու Ամուլսարի ծրագրի վերաբերյալ արդեն 2,5 տարի տևող քրեական գործը: Այդ նպատակով Քննչական կոմիտեն գործի նյութերը առարկությունների կամ միջնորդության համար ներկայացրել է ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանին, ում նամակի հիման վրա 2018թ. հարուցվել էր քրեական գործը:

Գագիկ Համբարձումյանը, 21 օր ծանոթանալով նախաքննության նյութերին, այդպես էլ առարկություններ կամ միջնորդություն չի ներկայացրել, ինչը, ըստ օրենքի, ենթադրում է, որ քրեական գործը պետք է կարճված լիներ դեռևս մարտի 9-ին:

Սակայն ՀՀ քննչական կոմիտեն վերջին րոպեին փոխել է որոշումը և գործը չի կարճել: Ըստ երևույթին, ընտրությունների նախաշեմին կոմիտեում փորձում են ձգձգել գործընթացը և ավելորդ պատասխանատվությունից խուսափել` հաշվի առնելով ընտրությունների անկանխատեսելի արդյունքները:

Ավելին, նույն աղբյուրների պնդմամբ՝ այս քրեական գործում ևս իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը: Հավանաբար հիմա էլ նա և այդ գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը լծված են քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար հիմքեր ստեղծելով:

Այսօր մեզ հետ զրույցում Գագիկ Համբարձումյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ Քննչական կոմիտեն գործի նյութերը առարկությունների կամ միջնորդության համար ներկայացրել է իրեն, և գործը կարճելու միտում է եղել՝ խոստանալով առաջիկայում այդ առնչությամբ հետաքրքիր մանրամասներով հանդես գալ:

Անշուշտ, կփորձենք նաև ներկայացնել Աննա Վարդապետյանի իրական ներգրավվածությունը նաև այս գործին, իսկ քանի դեռ ԱԱԾ-ն հապաղում է, առնվազն հիմնավոր ենթադրություններ ու այդ առնչությամբ հրապարակումներ միշտ էլ լինելու են:

Հասկանալի է, իհարկե, ԱԱԾ-ի խուսափողական կեցվածքը՝ քրեական գործ չհարուցել դժվար է ճնշող փաստերի ու հասարակական աղմուկի չմարող առկայության պարագայում, բայց մյուս կողմից էլ՝ հո Նիկոլ Փաշինյանի համար այս պահին այնքան անհրաժեշտ Աննա Վարդապետյանը չի՞ դատվելու… Առայժմ….

Սակայն ԱԱԾ-ում, թերևս, լավ են հասկանում, որ Աննա Վարդապետյանին ժամանակավորապես փրկելու լավագույն և միակ տարբերակը քրեական գործի հարուցումն է… Հետո կլինի նախաքննություն… Մինչև անցնի վտանգը, սակայն ակնհայտ է, որ վտանգն անցնելու միտումները մշուշոտ են, որովհետև հիմա 2018 թիվը չէ, որ ԱԱԾ տնօրեն-ՀՔԾ-պետ-Նիկոլ Փաշինյան եռյակն ինքը որոշի՝ ով, երբ ու ինչքան է նստելու, դատավորն ինչ է անելու, գործը հարուցեն գաղտնալսման արգելքի մասով, 2.5 տարի նախաքննություն անեն, ու դեռ վերջը չերևա:

Ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, և ժամանակը վստահաբար չի խաղում Նիկոլ Փաշինյան-Աննա Վարդապետյան երկյակի ու նրանցից մեկ քայլ ներքև «աշխատող» արբանյակների օգտին:

Տեսանյութեր

Լրահոս