«Եթե այս սողացող պատերազմն ավելի ծավալվի, մենք հայտնվելու ենք հոռիագույն վիճակում, ընդհուպ մինչև սով». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարբերաբար խոսում ենք վառելիքից, իսկ ցորենը մոռացության ենք տվել:

Ուկրաինան և Ռուսաստանը միասին ապահովում են ցորենի աշխարհի առաջարկի շուրջ 30%-ը: Այսինքն, աշխարհի ցորենի նշված բաժինը ռուսական կամ ուկրաինական է:

Այս պատերազմի հետևանքով, վառելիքի համեմատ կայուն թվացող ցորենի շուկան էլ խախտվեց՝ սահմանելով պատմական ռեկորդներ, մեկ տոննայի համար $400-ի է մոտենում:

Երբ Զելենսկին հայտարարում է, որ եթե ՌԴ հետ համաձայնության չգան, ապա համաշխարհային պատերազմ է սկսվելու, նա չի սխալվում: Դա արդեն սկսվել է, ուղղակի դեռ սողացող վիճակում է, հնարավոր է կասեցնել, որ չհասնի իր ավելի մահաբեր ու ավելի աղետալի վիճակների: Այս ամենի վրա բերանները բաց հրճվող մեր հայրենակիցների քանակից հասկանում ես, որ միլիոնով բռակ ենք տվել. Իսկ ավելի լուրջ, հասկանում ես, որ կրթական համակարգը չեղածի հաշիվ է:

Այս համատեքստում, ինձ կրկին այլ բան է մտահոգում: Լիբերալ տնտեսական մտածողություն ունեցող, այն է՝ պետության մասին չմտածող ներկայի կառավարիչները հույսները դրել են ինչ-որ օլիգարխների վրա, որ իբր սրանք կապահովեն երկրի ցորենի պաշարների անհրաժեշտ քանակը:

Նման պայմաններում, եթե այս սողացող պատերազմն ավելի ծավալվի, ինչը հավանական է, մենք ուղղակի հայտնվելու ենք հոռիագույն վիճակում, ընդհուպ մինչև սով:

Հայաստանին սոցիալական մտածողությամբ քաղաքական գործիչներ են պետք: Նոր ուժեր պետք է ստեղծվեն, մեզ շատ բարդ ժամանակներ են սպասվում: Այլապես, ուղղակի դադարելու ենք գոյություն ունենալ»:

նկարը Ալ Ջազիրա կայքից

 

Տեսանյութեր

Լրահոս