«Չեմ կարծում, որ Զինված ուժերում արժանի մարդ չկա». Մովսես Հակոբյանը՝ ԳՇ պետի թափուր պաշտոնի մասին
Գրեթե ամիս է՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբը պետ չունի, պետի ժամանակավոր պարտականությունները կատարում է ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։
Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ իրադրությունը ՀՀ սահմաններին և Արցախում լարված է, որքանո՞վ է տրամաբանական ԳՇ պետ չունենալը։
168.am–ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով վերոնշյալ հարցին՝ ասաց՝ ավելի լավ կլիներ, որ ԳՇ-ն պետ ունենար։
«Ես չեմ կարծում, որ Զինված ուժերում արժանի մարդ չկա, իհարկե, շատ մարդիկ կան, որ կարող են նշանակել ԳՇ պետ։ Թե ինչո՞ւ ԳՇ պետ այսքան ժամանակ չի նշանակվել՝ չեմ կարող ասել»,- նշեց Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը փետրվարի 24-ին ազատվել էր պաշտոնից։ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած 5 կետերից բաղկացած նախապայմաններին, Մովսես Հակոբյանն ասաց, որ դա քաղաքական հարց է, իսկ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։
Ի դեպ, հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Մովսես Հակոբյանն անդրադառնալով հարցին, թե եթե առաջարկեն զբաղեցնել ԳՇ պետի պաշտոնը, կընդունի՞ առաջարկը, պատասխանել էր. «Ունակ չեմ Գլխավոր շտաբի պետ լինելու»։