
«Ունակ չեմ Գլխավոր շտաբի պետ լինելու». Մովսես Հակոբյան

Այսօր խորհրդարանում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից լրագրողները հարցրեցին՝ կաշխատի՞ որպես ԳՇ պետ, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ունակ չեմ Գլխավոր շտաբի պետ լինելու»։
Նա չմեկնաբանեց հարցը, թե արդյո՞ք չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ պաշտպանական համակարգն այն վիճակում չէ։
Գեներալ-գնդապետը նաև տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում նորից հարցաքննության չի կանչվել, բայց ավելի վաղ մի քանի անգամ կանչվել է հարցաքննության։
Հաջորդ հարցին՝ այն տարածքները, որոնք թշնամին օկուպացրել է՝ հայկակա՞ն են, Մովսես Հակոբյանի պատասխանը հակիրճ էր և ըստ էության ոչինչ չասող՝ «որոնք հայկական են՝ հայկական են»։
Նշենք, որ Մովսես Հակոբյանը խորհրդարան էր հրավիրվել մասնակցելու «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով խորհրդարանական լսումներին։