«Պարենային անվտանգության խնդիր չի լինի, ներմուծումներ կկարողանանք կատարել նույն ՌԴ-ից». ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շաքարավազի ու հացահատիկի պաշարներին, դրանց ներկրման հնարավորությանն ու քանակին:
«Պաշարների մասով Կառավարության իմ գործընկերներն արդեն անդրադարձել են, որ այս պահին անհանգստանալու հանգամանք չկա։ Ներկրումների կոնկրետ թվերը հիմա չեմ նշի, որովհետև թվային մակարդակով ձեռքիս տակ չէ, սակայն այդ ապրանքատեսակների մեծ մասի ներկրումը Ռուսաստանի Դաշնությունից է, բավականին մեծ մասնաբաժին ունի նաև Ուկրաինան։ Հասկանալի պատճառներով՝ հիմա Ուկրաինայից հնարավոր չէ ներմուծումները կատարել, իսկ ՌԴ-ն որոշակի որոշումներ է կայացրել, և այդ հարցը, կարծում եմ՝ առաջիկայում կքննարկվի։ Ըստ իս, այստեղ ևս որոշակի քվոտավորման խնդիրներ առաջացած կլինեն, ինչպես մեզ մոտ եղավ որոշ անհանգստություն, երբ մարդիկ խանութներից ու սուպերմարկետներից չարդարացված մեծ գնումներ էին անում, որի արդյունքում որոշակի խնդիրներ եղան։ Կարծում եմ՝ մոտավորապես նույն վիճակը կա նաև Ռուսաստանում, և այդ որոշումները վերջնական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան ներկրվող ապրանքատեսակների վրա»,- նշեց Ռուստամ Բադասյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց գործառույթների մեջ մտնում էր համապատասխան պաշարների վերաբերյալ տվյալներ հայտնելը, հայտնել են ու ներկայացրել են իրենց կարծիքը, որ այս պահին անհանգստանալու կարիք չկա։
«Ինչ վերաբերում է ներմուծումներին, արդեն ասացի, որ դրանք հարցեր են, որոնք քննարկվում են, և իմ համոզմունքը հայտնեցի, որ Հայաստանի մասով ապագայում որևէ խնդիր, կարծում եմ, չի առաջանա։ Պարենային անվտանգության խնդիր չի լինի, ըստ իս, ներմուծումներ կկարողանանք կատարել նույն ՌԴ-ից, առաջիկայում, երբ որոշումներ ընդունվեն կամ որևէ ակտում փոփոխություն լինի, բնականաբար, կտեղեկանաք։ Երևի ծավալները պատկերացնում եք, թե ՌԴ-ում ինչ ծավալի գարնանացան ու աշնանացան կա, կարծում եմ՝ բավականին պաշարներ կան, որոնք կկարողանանք ներմուծել»,- հավելեց Ռուստամ Բադասյանը։
Միաժամանակ, ՊԵԿ ղեկավարն ընդգծեց, որ Ուկրաինայից Հայաստան ապրանքների ներմուծման առնչությամբ ծագած խնդիրների լուծման համար էլ կարելի է գտնել այլ շուկաներ, որտեղից էլ հնարավոր կլինի ներկրել որոշակի ապրանքներ, օրինակ՝ ՌԴ-ից։
Նա նաև տեղեկացրեց, որ Լարսի անցակետի փակ լինելու պատճառով, այն ապրանքները, որոնք սովորաբար ներկրվում են Հայաստան ՌԴ-ից, մնացել են Լարսում։
«Դրանք մեծ քանակով ապրանքներ են, որոնք ձյան պատճառով մնացել են ճանապարհին, կարծում եմ՝ այս իրավիճակը կշարունակվի, իսկ եղանակային փոփոխություններից հետո այդ ապրանքատեսակները կգան Հայաստան»,- եզրափակեց Ռուստամ Բադասյանը։