
Այս փուլում ինտերվենցիա չենք կատարել. ԿԲ նախագահ

«Մենք ինտերվենցիա չենք կատարել այս փուլում,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ մանրամասնելով, թե ինչու,- Կարծում եմ, մենք ունենք գերազանց հասարակություն. մարդիկ, որոնք ունակ են տարիների ընթացքում սովորել ու իրենց վարվելակերպով ապացուցել, որ խոհեմ են ու տիրապետում են իրավիճակին»:
ԿԲ նախագահը հիշեցրեց, որ 2020 թվականի պատերազմի օրերին ու դրան հաջորդող ժամանակահատվածում տեղի էր ունենում ֆինանսական միջոցների որոշակի արտահոսք, իսկ այդ օրերին ԿԲ-ն պարբերաբար խորհուրդ էր տալիս քաղաքացիներին իրենց միջոցները չհանել բանկերից:
«Այդ ընթացքում, ինձ թվում է, մեր հասարակության զգալի մասը հետևեց մեր հորդորին, ու մանավանդ փոքր ավանադատուները որևէ անկանոն շարժում չարեցին,- նշեց նա, ապա անդրադառնալով առկա իրողություններին՝ հավելեց,- Երբ փոխարժեքը որոշակի արժեզրկվեց, մենք այս անգամ նկատեցինք, որ այդ անկանոն գործողությունների քանակը շատ ավելի քիչ էր, ինչը վկայում է այն մասին, որ ԿԲ նկատմամբ վստահություն կա, բայց նաև՝ իրենք են սովորել որոշակի դասեր անցած ուղուց, որ անցել ենք միասին»: