Ո՞ւմ հետ է համաձայնեցվել ԵԱՀԿ ՄԽ-ին դիմելու նախաձեռնությունը
«Ուկրաինայի պատերազմի պայմաններում ինչպե՞ս է աշխատելու Ղարաբաղյան հակամարտության դիվանագիտությունը, բարդ է պատկերացնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ին դիմելու հայկական կողմի նախաձեռնությանն ու Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած նախապայմաններին՝ 5 կետերին։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնեց այսօր, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն «Անադոլու» գործակալության հետ զրույցում։
Նա հստակեցրել է, որ «ուղերձը հետևյալն է՝ նվաճման գործոնն այլևս չկա, և չնայած անցյալի դժվարություններին՝ ադրբեջանական կողմը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին»։
Բայրամովի խոսքով՝ «Հայաստանը, արդեն մեկ տարի է՝ չի պատասխանում այդ առաջարկներին»։
«Մենք վերջերս Հայաստանին առաջարկների նոր փաթեթ հղեցինք՝ որպես բարի կամքի դրսևորում։ Առաջարկել ենք որոշ հիմնարար սկզբունքներ, որոնք ներառում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Հայաստանը պետք է դիտարկի դրանք և պատասխանի։ Եթե Հայաստանն անկեղծորեն ուզում է կարգավորել հարաբերությունները, սա նրանց համար շատ լավ հնարավորություն է։ Հայաստանի պատասխանը շուտով հայտնի կլինի, և մենք, իհարկե, կձեռնարկենք համապատասխան քայլերը»,- հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը։
Նա մանրամասնել է, որ մեկ էջանոց փաստաթուղթը վերջերս է ներկայացվել Հայաստանին։
Տարասովը կարծում է, որ եթե ԵԱՀԿ ՄԽ-ն գործունակ կառույց լիներ, պատերազմից անմիջապես հետո կսկսեր իր աշխատանքը։ Արևմուտքը, սակայն, ըստ նրա, կարողացավ ելքեր գտնել և փոխարինել եռանախագահությունը Մակրոն-Միշել զույգով, որոնք ձևավորեցին բանակցային քառյակ Փաշինյանի ու Ալիևի հետ, և ըստ էության կարող էին շարունակել այդպես աշխատել, այնինչ որոշել են վերականգնել բանակցային ձևաչափը։
«Ռուսական կողմը մինչ այս դեմ չի եղել որևէ բանակցային ձևաչափի, այսօր էլ դեմ չի լինի, սակայն այսօր Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում մեծ ճգնաժամ կա։ Այս դեպքում ինչպե՞ս է գործելու ՄԽ-ն, ՌԴ-ն մասնակցելո՞ւ է դրան, թե՞ ոչ, սրանք այս փուլում կասկածելի հարցեր են։ Ինչո՞ւ է ՀՀ-ի, ըստ էության, չգործող ԱԳՆ-ն նման հայտարարությամբ հանդես գալիս, վստահաբար համաձայնեցված Արևմուտքի հետ։ Ուկրաինայի պատերազմական իրավիճակի պայմաններում ինչպե՞ս է աշխատելու դիվանագիտությունը, բարդ է պատկերացնել։ Ավելորդ չի լինի ասել, որ ՌԴ դիրքորոշումն էական է լինելու այս առաջարկի ապագայի հարցում, ինչպես նաև վստահ չեմ, որ սա ՌԴ-ի հետ համաձայնեցված է, ՀՀ-ն Արևմուտքի հետ բավականին դինամիկ շփում ունի. ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ սա տեղի է ունենում Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցից և կողմերի հետ Մակրոնի շփումներից հետո։ Իսկ ավելին այս ամենի շուրջ պարզ կլինի դիվանագիտական ակտիվությունից հետո»,- ասաց նա։