Թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա
ԱՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մի շարք գերատեսչությունների հետ կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա:
Խուճապային տրամադրությունների ներքո անցած մի քանի օրերի ընթացքում նկատվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից շաքարավազի պակաս, որը մեծապես պայմանավորված էր բնակչության կողմից սովորականից շատ գնումներ կատարելու հետ: Այժմ անհրաժեշտ պաշարը կրկին լրացվում է:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ անհրաժեշտ սննդամթերքի ներկրման հետ կապված որևէ խնդիր չկա, քանի որ կան բավարար պաշարներ, և մոտակա ժամանակահատվածում մեծ թանկացումներ չեն սպասվում:
Ա. Գասպարյանը կոչ արեց բնակչությանը չմատնվելու խուճապի, քանի որ իրադրությունը վերահսկվում է պատկան մարմինների կողմից:
Նա տեղեկացրեց, որ ԱՀ ՖԷՆ և այլ շահագրգիռ պետական գերատեսչությունների հետ կայացվել է որոշում առ այն, որ վաղվանից համապատասխան միջոցներ կկիրառվեն բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ովքեր, օգտվելով առիթից, կատարել են չարաշահումներ և արհեստական գնաճ առաջ բերել:
Փոխնախարարի խոսքով թանկացումներ կարելի է սպասել ներմուծվող ապրանքատեսակների, ինչպես նաև ներկրվող հումքով արտադրվող արտադրատեսակների պարագայում՝ կապված դոլարի և ռուբլու կուրսի տատանումների հետ, իսկ մեր շուկայում սպառվող ապրանքների և հումքի հետ կապված մեծ թանկացումներ չեն սպասվում:
Անդրադառնալով գազամատակարարման խափամնան խնդրին՝ Ա. Գասպարյանն ասաց, որ քաղաքական հարցերի չի պատասխանում:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ թեև Ռուսաստանն արգելել է որոշ ապրանքների արտահանումը, սակայն այս արգելքը չի վերաբերվում ԵԱՏՄ անդամ երկրների ներքին պահանջարակի բավարարմանը, բացի այդ էլ ՀՀ պահեստներում կան բավարար քանակով ապրանքներ:
ԱՀ Ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Անդրեյ Գասպարյան