Վարձով տրվող բնակարանների պահանջարկը խիստ աճել է. ինչ լուծում է առաջարկում Banali.am-ը

Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով վերջին երկու շաբաթների ընթացքում Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից դեպի Հայաստան քաղաքացիների ներհոսքը բավականին մեծ է: Թեև պաշտոնական վիճակագրություն այս պահին չկա, բայց բավական է հաշվել ամեն օր դեպի Հայաստան չվերթերի քանակն ու մոտավոր թվերի մասին պատկերացում կազմել, ուստի տրամաբանական էր, որ այդ ծավալի ներհոսքն իր ազդեցությունն է ունենալու անշարժ գույքի շուկայի վրա։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «ՍրչԴեսք Պլատֆորմզ» ՓԲԸ (banali անշարժ գույքի անվճար և առանց միջնորդի հայտարարությունների հարթակ) տնօրեն Սիրարփի Գրիգորյանը՝ հավելելով.

«Ներհոսքի հետևանքով մեծ ազդեցություն կա անշարժ գույքի՝ վարձակալության շուկայի, և ոչ թե՝ վաճառքի վրա։ Մենք ունենք վարձով տրվող բնակարանների պահանջարկի և առաջարկի բախում, ինչը տրամաբանական է։ Հյուրանոցներում ևս նկատվում է մեծ զբաղվածություն՝ 90 և ավելի տոկոս, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ ՀՀ են տեղափոխվում ընտանիքներով՝ հաճախ այստեղ տեղափոխելով նաև իրենց բիզնեսները, ուստի, նախքան այդ, հարկ են համարում կարճաժամկետ այց կատարել Հայաստան՝ օգտվելով հյուրանոցային ծառայություններից՝ տեղում երկարաժամկետ կացության և տեղափոխման հարցերը կազմակերպելու համար»։

Մասնագետի խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանում վարձով տրվող բնակարանների գները բարձրացել են. մի դեպքում՝ որոշակի օրինաչափությամբ, մյուս դեպքում՝ տանտերերի՝ ստեղծված իրավիճակից օգտվելու և ավելի շատ եկամուտ ստանալու ցանկություններով պայմանավորված։

Հարցին՝ թե ի՞նչ տոկոսային հարաբերակցությամբ են բարձրացել բնակարանների գները, Գրիգորյանն առաջարկեց թվեր չհնչեցնել, որովհետև հաճախ հնչեցված թվերը ևս հիմք են դառնում տանտերերի վարքագծի փոփոխության ու գնի անհարկի բարձրացումների։

«Պետք է ընդգծեմ, որ վարձով տրվող բնակարանների պահանջարկ ու գների աճ է նկատվում՝ ինչպես Երևանի Կենտրոն և Արաբկիր, այնպես էլ՝ մնացյալ մյուս համայնքներում։ Իհարկե, ռելոկացիայի առաջին մի քանի օրերին Հայաստան տեղափոխվողները վարձով տրվող բնակարանների գոտիականության հարցում առավել զգայուն էին, սակայն հիմա նկատելի է տենդենցի փոփոխություն, ինչպես նաև առավել կարևորվում է բնակարանի վերանորոգված և կահավորված լինելու հանգամանքը»,- ասաց Գրիգորյանը։

2021 թվականի նոյեմբեր ամսից գործող banali.am-ի տնօրենի խոսքով՝ հենց նման ոչ ստանդարտ իրավիճակներում է նաև, որ անհատներն ու կազմակերպությունները պետք է ստանձնեն դեսպանի դեր ու փորձեն առաջարկել օգնության կարիք ունեցող մարդկանց նպաստավոր լուծումներ, ինչն էլ անում է իրենց կազմակերպությունը՝ դառնալով մեկ պատուհան՝ բնակարան, գրասենյակային տարածք փնտրողների և դրանց սեփականատերերի միջև։

«Անշարժ գույքի ոլորտում մենք առաջինն ենք, որ հնարավորություն ենք տալիս մեր կայքում առկա հատուկ 3D video room tour ծառայության միջոցով առավել լավ ծանոթանալ այս կամ այն գույքին՝ վիրտուալ տիրույթում «զբոսնելու», եռաչափ հատակագիծը դիտելու հնարավորությամբ, իսկ դա խնայում է ժամանակ և ոչ միայն։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նաև մեր հարթակի միջոցով մարդիկ կարողանում են խորհրդատվություն ստանալ իրենց հետաքրքրող տարածքի մոտ գտնվող բուժհիմնարկների, երեխաների խաղահրապարակների, կենդանիներին պահելու տարածքների և զանազան այլ համանման հարցերի վերաբերյալ։ banali.am-ը նաև առաջարկում է տեղափոխման հետ կապված համալիր ծառայությունների փաթեթ, ինչը ներառում է ոչ միայն բնակարանների և գրասենյակային տարածքների վարձակալություն, այլև ներդրումների, բիզնեսի տեղափոխման/ծավալման հետ կապված իրավաբանական և ֆինանսական խորհրդատվության մասնագիտացված ծառայություններ, քանզի մեծ է մարդկանց թիվը, որոնք այս պատերազմի հետևանքով Հայաստան են տեղափոխում իրենց բիզնեսները»,- ասաց Սիրարփի Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս