«400.000 դրամ՝ 300 հենասյուների վրա կոկորդիլոսի նկարներ փակցնելու համար»․ Վեդիի բնակիչ

Արարատի նախկին մարզպետ, ներկայում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը մարտական տրամադրվածությամբ պատրաստվում է մարտի 27-ին կայանալիք Վեդի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություներին, ուստի մարտի 2-ին մեկնարկած քարոզարշավն ակտիվ փուլ է մտցրել։

Ինչպես Վեդիի մեր աղբյուրներն են փոխանցում, Գարիկ Սարգսյանը հանձնարարել է, որպեսզի ամբողջ քաղաքը և մյուս 18 բնակավայրերը, որոնք ընդգրկված են Վեդի խոշորացված համայնքում, ողողվեն իր նախընտրական պաստառներով։

«Հանձնարարված է՝ 300 հենասյուների վրա կոկորդիլոսի նկարները փակցնել։ Այդ գործընթացը կազմակերպում են 2 երիտասարդ՝ Կարեն Կարապետյանը և Էդգար Մարտիրոսյանը։ Որպեսզի 300 հենասյուներին փակցված պաստառների վրա լինի կոկորդիլոսի նկարը, 400.000 դրամ են վճարել ու թույլտվություն են ուզել։ Նախորդ ընտրության ժամանակ՝ դեկտեմբերի 5-ին, ՔՊ-ն 60 հենասյունի վրա էր կոկորդիլոսի նկարները փակցրել, հիմա 300-ի վրա են ուզում։ Վեդիի կենտրոնական փողոցներում 100-120 հատ հենասյուն կա, կոկորդիլոսն ուզում է, որ գլխավոր՝ Կասյան և Արարատյան փողոցներն ամբողջությամբ իր նկարներով զարդարվեն․․․»։

168.am-ը փորձեց կապ հաստատել Վեդի համայնքի աշխատակազմի քարտուղար Հրաչյա Ստեփանյանի հետ, սակայն ընդունարանի աշխատակիցը պատասխանեց, որ թե՛ աշխատակազմի քարտուղարը, թե՛ փոխհամայնքապետը զբաղված են և չեն կարող պատասխանել մեր հարցերին, և հորդորեց գրավոր դիմել։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Վեդիի համայնքապետարանի աշխատակիցները խուսափում են 168.am-ին մեկնաբանություն տալ։ Նախորդ շաբաթ էլ, երբ մենք համայնքապետարանում էինք, արձանագրել էինք, որ աշխատանքային ժամին ո՛չ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը, ո՛չ նրա տեղակալը, ո՛չ էլ աշխատակազմի քարտուղարը տեղում չէին։ Իսկ Գարիկ Սարգսյանը բոլորովին վերջերս ընդունարանի աշխատակցի միջոցով փոխանցել էր․

«Պարոն Սարգսյանի անունից եմ ասում՝ Ձեր լրատվականի հետ ցանկություն չունենք աշխատել»։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։ Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։

Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն ընտրել համայնքապետին՝ առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Բայց կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամներն ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու մասին. ընտրությունները կկայանան մարտի 27-ին։

168.am-ն այս օրերին բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ ՔՊ-ն Գարիկ Սարգսյանին այս պաշտոնում նշանակել է ՏԻՄ ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, կոնկրետ հանձնարարականներ են իջեցվել՝ պետական ապարատում աշխատողներին ընտրությանը մասնակցելու և Գարիկ Սարգսյանին ձայն տալու ուղղությամբ։

«Դե, իսկ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը շարունակում է իր էժանագին շոուն, անձնական վարորդից է հրաժարվել, որ նա անվճար երթուղում որպես վարորդ աշխատի»,- հավելում էին մեր զրուցակիցները։

Տեսանյութեր

Լրահոս